Ո՞ր հայ երեխայի դպրոցն եք հանձնում թշնամուն

Ժամը հինգն անց դուրս ենք գալիս դպրոցից․ ուսումնական հաստատություններում ընդունված ժամերից երկար մնալ միշտ սիրել եմ․ այնպիսի զգացողություն է, թե այդ ժամերին ավելի լավ եմ գիտելիք ստանում ու տալիս։ Ուսանող տարիներիս միշտ մինչև երեկո էի մնում ընթերցասրահում։ Հիմա, երբ որ Քարվաճառում դասերից հետո երեխաների հետ անգլերեն եմ պարապում, պարապունքները ժամը հինգին, հինգ անց ենք վերջացնում։

Պարապունքից հետո մի հաճելի հոգնությամբ երեխաների հետ քայլում եմ դեպի տուն։ Երեխաների հետ աշխատելուց հետո հոգնածությունը լուսավոր է, չի տապալում, այլ ուժ է տալիս՝ հաջորդ օրվա համար․ քանի որ երեխաների հետ աշխատելը հենց հաջորդ օրվա գաղափարն է։

Քայլում ենք դեպի վեր, ու հերթով հրաժեշտ եմ տալիս երեխաներին․ մեր տունն ամենահեռուն է։ Ճանապարհին երկու նոր կառուցվող տուն ենք տեսնում․ երեխաներն ասում են, թե ում տներն են ու հետն էլ ուրախություն արտահայտում․ թող շատ կառուցվեն տներ, թող բոլոր ավերակները տներ դառնան։

Քարվաճառի այսօրվա դպրոցականների մեծ մասը ծնվել է Քարվաճառում․ Քարվաճառում է անցնում նրանց մանկությունն ու պատանեկությունը, նրանք այստեղ են դպրոց գնում, ընկերներ ձեռք բերում, առաջին անգամ սիրահարվում։ Քարվաճառում ապրելը նրանց համար սովորական է, բնական, շնչելու չափ պարզ․ Քարվաճառը նրանց հայրենիքն է։ Նրանք այս հարցի հետ կապված նախապաշարումներ չունեն․ դա նրանց համար ո՛չ հերոսություն է, ինչպես որոշ մեծահասակներ են մտածում, ո՛չ էլ հիմարություն, ինչպես մեծահասակների մեծ մասն է կարծում։ Սա նրանց տունն է, որտեղ նրանք ծնվել են ու մեծանում են։
Քայլում եմ հետս դեռևս եկող մի աշակերտի հետ, ում տունն ամենամոտն է մեր տնից ու ում ամենավերջում եմ հրաժեշտ տալիս։ Մի քանի օրից, նոյեմբերի 25֊ին, Մոնթեի ծննդյան օրն է․ այդ առթիվ դպրոցականների համար շարադրությունների մրցույթ եմ հայտարարել «Ես ապրում եմ Մոնթեի ազատագրած հողում» վերնագրով։ Մոնթեից ենք խոսում․ ասում է՝ հերոս է եղել, չէ՞։ Ասում եմ՝ հա։ Ասում է՝ էս հողն իր արյան գինն ունի, չէ՞։ Ասում եմ՝ հա։ Ու հասնում ենք իրենց տան մոտ, հրաժեշտ եմ տալիս ու շարունակում քայլել։ Ճիշտ ես, աղջիկս, այս հողը Մոնթեի արյան գինն ունի, Պետոյի, Հեթանոս Գագոյի, հազարավոր մեր ազատամարտիկների արյան ու առողջության գինն ունի, այսինքն, անգին է․․․

Ու այսօր արդեն քարվաճառցի տղաներ են զինվոր դառնում ու պաշտպանում մեր անգին հայրենիքը․․․

Ազատագրված հողից հեռու, այստեղ չքայլած ու այստեղի երեխաների աչքերի ու երազանքների մեջ չնայած ինչ֊որ պաշտոնյա հայտարարում է, թե «ազատագրված տարածքները կարող են զիջվել»։ Ո՞ր հայ երեխայի դպրոցն եք զիջելու, պարոն, մեծագույն դժվարությամբ կառուցված ո՞ւմ տունն եք զիջելու։
Սա տարածք չի, սա հայրենիք է, սա առևտրի առարկա չէ, այստեղ մարդիկ տներից բացի կյանք են կառուցում։ Ուրիշի տունն ու կյանքը դուք ոչ մեկի հանձնել չեք կարող։

Թամարա Գրիգորյան

«Հայրենասեր» կազմակերպություն