Վուրգավանի առաջնային ենթակառուցվածքների համալիրի բացումը (լուսանկար)

Սեպտեմբերի 5֊ին Արցախի Քաշաթաղի շրջանի Վուրգավան գյուղում տեղի ունեցավ առաջնային ենթակառուցվածքների համալիրի բացումը։ Առաջնային ենթակառուցվածքների համալիրն իր մեջ ներառում է հիմնովին վերակառուցված դպրոցը նոր մարզադահլիճով, նորակառույց բուժկետ ու համայնքապետարան։ Համալիրը կառուցվել է «Հայրենասեր» կազմակերպության կողմից 2015 թվականի ամռանը, և նոր ուսումնական տարին վուրգավանցի դպրոցականները դիմավորել են նոր դպրոցում։

Բացման արարողությանը ներկա էին գյուղի բնակիչներ, դպրոցի աշակերտներ, ուսուցիչներ, տեղական ղեկավարության ներկայացուցիչներ։ Ներկա էին «Հայրենասեր» կազմակերպության համահիմնադիրներ Նելլի Մարտիրոսյանն ու Ստեփան Սարգսյանն իրենց փոքրիկ դստեր՝ Շուշիի հետ։

Վուրգավանցիները ոգևորված էին ու հուզված․ չէ՞ որ սա պարզապես մի նոր շինություն չէ իրենց գյուղում (նոր շինություններ էլ, գիտենք, ցավոք, ազատագրված հայրենիքում հաճախ չեն վեր խոյանում), սա վաղվա օրվա գրավականն է, Վուրգավան գյուղի վաղվա օրվա գրավականը։ Նոր դպրոցը հնարավորություն է տալու վուրգավանցի երեխաներին կրթություն ստանալ հարմարավետ ու ժամանակակից, մաքուր դասասենյակներում, և հենց սրա շնորհիվ ծնողները չեն մտածելու երեխաներին գյուղից հեռացնելու մասին։ Գյուղում այսուհետ գործելու է բուժկետ և առաջին բուժօգնություն ստանալու համար անհրաժեշտ չի լինելու կիլոմետրեր կտրել։ Համայնքի խնդիրներն այսուհետ քննարկվելու են ոչ թե գյուղի փողոցներում, կամ, կախված եղանակից, համայնքապետի տանը, այլ նորակառույց համայնքապետարանում։

«Հայրենասեր» կազմակերպությունը շնորհակալություն է հայտնում բոլոր նվիրատուներին, ում շնորհիվ հնարավոր դարձավ իրականացնել Վուրգավանի հրաշքը, Վուրգավանին ապագա նվիրել, ու հնարավոր դարձնել գյուղի հետագա զարգացումը։ Առանց ձեր նվիրատվությունների մեր ազատամարտիկների սկսած գործը Վուրգավանում կիսատ կմնար․ այսօր այն շարունակվում է, շարունակվում է յուրաքանչյուր փոքրիկ վուրգավանցու միջոցով, ում ծնողն այլևս չի մտածելու նրան գյուղից հեռացնելու մասին։

«Հայրենասեր» կազմակերպություն