Հերիկի դպրոցի տնօրեն. «Ախր էլ ի՞նչ ասեմ, ամեն ինչ ասվել է այս նոր շենքով»

nor dproc

Արցախյան պատերազմի ընթացքում ազատագրված Հերիկ գյուղը գտնվում է Քաշաթաղի շրջանում: Ազատագրումից հետո, 1995-96 թթ. գյուղը վերաբնակեցվել է, սակայն անհրաժեշտ ենթակառուցվածքների բացակայության պատճառով մի քանի տարի անց, 2005-2006 թթ. գրեթե ամբողջությամբ դատարկվել է:

Գյուղի վերաբնակեցումը երկրորդ անգամ կազմակերպվել է 2009-10 թթ.: Որոշ անհրաժեշտ կենսապայմաններ գյուղում ապահովվել են, սակայն պակասում էր ազատագրված հայրենիքի գյուղերի զարգացման գլխավոր գրավականը՝ դպրոցը: Հերիկի երեխաները դասեր էին անում խարխուլ ու խոնավ մի տան մեջ: Իսկ ազատագրված հայրենիքում՝ Քաշաթաղի ու Քարվաճառի գյուղերում դպրոցը ոչ միայն կրթական, այլեւ սոցիալական, մշակութային կարեւոր գործառույթներ ունի: Զարգացած համայնքի կենտրոնը կայացած դպրոցն է:

Այս տարվա ամռանը «Հայրենասեր» կազմակերպությունն իր նվիրատուների օգնությամբ ավերակների կույտը Հերիկում վերածեց ժամանակակից, հարմարավետ, լուսավոր դպրոցի շենքի: 

8

Դպրոցի տնօրենը՝ նորակառույց շենքի մասին

Նոր դպրոցի մասին խոսելիս տնօրեն Սամվել Պագալմյանն անգամ դժվարանում էր բառեր ընտրել: «Ուղղակի հոյակապ է: Մութ, խոնավ, կիսավեր կառույցից հետո այսպիսի լուսավոր, ընտիր դպրոց ունենք, էլ ի՞նչ կարող եմ ավելացնել: Դրանով արդեն ամեն ինչ ասված է», կրկնում էր տնօրենը: Հերիկում ուրախ են բոլորը. ուսուցիչներն աշխատելու են նոր պատասխանատվությամբ, երեխաները սովորելու են նոր ուժով: Իսկ տնօրենի ձայնի մեջ իսկապես այնպիսի վստահություն ու հույս էր զգացվում, որ նա դժվարանում էր բառերով փոխանցել: Հերիկի դպրոցը փակվել ու վերաբացվել է մի քանի անգամ. վերջին անգամ վերաբացվել է 2011 թվականին: Այս ուսումնական տարվանից Հերիկում ամեն ինչ փոխվել է. հուսալքությունն ու անվստահությունն անհետացել են նախկին դպրոցի կիսաքանդ պատերի հետ: Իսկ նորակառույց դպրոցն արդեն վստահություն է ներշնչում, որ հայ զինվորի արյունով ազատագրված այս գյուղում էլ դպրոցի փակում չեն թվագրելու. չէ՞ որ արդեն նոր մարդիկ են տեղափոխվում Հերիկում ապրելու, որ իրենց երեխան հենց այս լուսավոր շենքում դաս անցկացնի:

Եվ միանգամայն արդարացված ու հասկանալի է տնօրենի հուզմունքը՝ նոր դպրոցի մասին խոսելիս. «Ախր էլ ի՞նչ ասեմ, ամեն ինչ ասվել է այս նոր շենքով»:

Հերիկի երեխաները, որ հայ ազատամարտիկների գործի շարունակողն են ու ազատ Արցախի տերերը, արժանի են լավագույն պայմաններում գիտելիք ստանալուն: Եվ այսուհետ նրանք կունենան այն, ինչին արժանի են:

Թամարա Գրիգորյան

«Հայրենասեր» կազմակերպություն