Վուրգավանցիները․ նրանց համար է կառուցվում առաջնային ենթակառուցվածքների համալիրը

Ծանոթանանք Գեորգի Խաչատրյան՝ Վուրգավանի գյուղապետը

Վուրգավան գյուղի գյուղապետ Գեորգի Խաչատրյանն այստեղ է բնակվում Վուրգավանի վերաբնակեցման առաջին տարիներից, 1995-96 թթ․։ Ջերմուկ քաղաքից է, մասնակցել է Արցախյան ազատամարտին, մասնակցել է Քաշաթաղի շրջանի ազատագրման գործողություններին։ Հրադադարի կնքումից ի վեր, երբ սկսվել է ազատագրված Քաշաթաղի վերաբնակեցումը, Գեորգին բնակություն է հաստատել այստեղ։ Ընտանիքի հետ նախ բնակվել է Աղավնո (նախկին Զաբուխ) գյուղում։ Երկու տարի ապրել են այստեղ։

11280608_1583208321957958_1704510560_n

Ինչպե՞ս և ինչու՞ տեղափոխվեց Վուրգավան

«Բայց այդ գյուղում ջրի խնդիր կար, չէի կարողանում իմ ուզած ձևով ցանքս անեմ, հող մշակեմ, տեղափոխվեցինք Վուրգավան», պատմում է Գեորգին։ 20 տարուց ավելի է՝ բնակվում է Վուրգավանում։ Սիրում է իր գյուղն ու շատ կապված է հողին։ Ինքն իր ձեռքով երեք խաչքար է պատրաստել՝ նվիրված պատերազմում ընկած տղերքի հիշատակին, ու դրանք տեղադրել Վուրգավանում ու հարևան երկու գյուղերում։ «Որ գյուղում խաչքար կա, հայ մարդն իրեն էս հողին կապված է զգում», ասում է նա։ Առաջին տարիների դժվարությունների մասին (որոնք, անխոս, շատ-շատ են եղել), Գեորգին հիշել առանձնապես չի ցանկանում։

 

Հողը պահում է ոչ միայն այն մշակելով, այլև պետք եղած պահին՝ նաև զենքով

Արցախյան ազատամարտին մասնակցած Գեորգին միշտ պատրաստ է զենքը ձեռքին պահպանելու իր ազատագրածը, իր սրբազան հայրենիքը, որտեղ ինքը խաչքար է տեղադրում։ Անցած տարվա օգոստոսյան լարված օրերին Քաշաթաղում առաջիններից էր, որ միացավ դիրքապահ տղերքին ու ասաց՝ դուք մենակ չեք, մեր հայրենիքն իրար հետ ենք պաշտպանելու։ Գնաց մարտական դիրքեր ոչ թե հենց այնպես, ցույց տալու համար, այլ իսկապես կռվեց լարված այդ օրերին, մասնակցեց վտանգավոր դիվերսիոն խմբի հայտնաբերմանն ու վնասազերծմանը, պարգևատրվեց իր սխրագործության համար։

11348064_1583208165291307_569778081_o

Նա իր զավակների ապագան տեսնում է հենց Վուրգավանում

Գեորգին Վուրգավանում այգի է մշակում, կենդանություն տալիս հողին։ «Երեխաներս էլ բոլորը Վուրգավանում են․ այստեղ ծնվել են, այստեղ ամուսնացել, այստեղ էլ ապրում են, ու գնալու միտք չունեն այստեղից», ասում է նա։ Գեորգիի 10 թոռնիկներն էլ ապրում են Վուրգավանում․ նրանցից ամենամեծը՝ Սյուզին, այս տարի փոխադրվում է երկրորդ դասարան, մյուս թոռնիկն էլ այս տարի դպրոց կգնա։

«Հայրենասեր» կազմակերպությունը Գեորգիի և մյուս վուրգավանցիների երեխաների ու թոռնիկների համար այս տարի վերակառուցում է գյուղի կիսախարխուլ դպրոցը, որ նորօրյա վուրգավանցին դպրոց հաճախի հարմարավետ, ապահով, ժամանակակից ու ազատագրված հայրենիքը պահող հայրենասերին վայել դպրոցում։

Թամարա Գրիգորյան

«Հայրենասեր» կազմակերպություն