Վուրգավան. ազատագրված ու պայքարող գյուղի մասին

Վուրգավան գյուղը գտնվում է Արցախի Քաշաթաղի շրջանի հարավում, Բերձորից մոտավորապես 40 կմ հեռավորության վրա։ Գյուղն ազատագրվել է արցախյան պատերազմի ընթացքում, 1993 թ․։ Առաջին անգամ, երբ լսեցի Վուրգավան գյուղի անունը, հարց առաջացավ՝ ինչու՞ Վուրգավան, որտեղի՞ց է ծագում գյուղի անունը։

Vurgavan

Եւ իսկապես՝ ինչու՞ Վուրգավան

Վուրգավանցիները պատմում են, որ սիսիանցի ազատամարտիկ Վուրգ Ոսկանյանը Քաշաթաղի շրջանում առաջինն այս գյուղն է այցելել, որից հետո գնացել է դեպի հյուսիսային շրջաններն ու այնտեղ էլ զոհվել է Վակունիս գյուղում։ Վուրգի՝ գյուղ այցելելուց հետո գյուղի անունը դրել են Վուրգավան ու այդպես էլ մնացել է։ Այդ ժամանակ գյուղում են եղել սիսիանցի մի քանի կռվող տղաներ՝ իրենց ընտանիքների հետ, ովքեր էլ դարձել են գյուղի առաջին վերաբնակիչները։

 

Վուրգավանցիները

1994 թ․ գյուղն սկսել է վերաբնակեցվել Ստեփանակերտից, Գյումրիից, Ջերմուկից և Հայաստանի այլ տարբեր շրջաններից եկած մարդկանցով։ Դժվար էր առաջին վերաբնակիչների կյանքը․ տներն ավերված էին, էլեկտրականություն չկար, ճանապարհ չկար, կարելի է ասել՝ ոչինչ չկար։ Կար միայն այն գիտակցումը, որ սրբագույն հայրենիքի այս կտորն ազատագրվել է հայ զինվորի արյամբ, ու այն պետք է պահել։ Ու պահեցին առաջին վերաբնակիչները՝ անմիջապես շարունակելով ազատամարտիկների գործը։ Տարիների ընթացքում որոշ կենսական անհրաժեշտության հարցեր լուծվեցին։ Այսօր Վուրգավանում ապրում է 157 հոգի․ մի քանի տարի առաջ գյուղում բնակվում էր 36 ընտանիք․ այժմ այդ թիվը հասել է 40֊ի։ Սա նշանակում է, որ վերջին տարիներին թեև քիչ թվով վերաբնակիչներ, բայց այնուամենայնիվ գալիս են Վուրգավան։ Գյուղապետը՝ Գեորգի Խաչատրյանը, ասում է, որ ցանկացողները շատ են, սակայն գյուղում աշխատատեղերը շատ չեն, հիմնականում այդ պատճառով էլ նոր բնակիչներ չեն գալիս։

Հաղթահարված դժվարությունները

Այսօր Վուրգավանում ամրացած մարդկանց ճանապարհը հեշտ չի եղել ազատագրված հողում։ Ի թիվս բոլոր դժվարությունների, 2007 թ․ գյուղի գյուղատնտեսությունը կաթվածահար է եղել։ Գյուղի բոլոր խոշոր եղջերավոր անասունները, 200 գլուխ, միանգամից վարակվել են բրոցելյոզով ու բոլոր անասուններին ոչնչացրել են․ գյուղացիներն ստիպված են եղել վաճառել դրանք չնչին գումարով ու հսկայական վնաս են կրել։ Չնայած իսկապես ծանր գյուղատնտեսական հարվածին՝ գյուղից ոչ մի բնակիչ չի հեռացել։ Այսօր, 8 տարի անց, վուրգավանցիները կարողացել են խոշոր եղջերավոր անասունների թիվը հասցնել միայն 150֊ի։ Գյուղացիրները հիմնականում զբաղվում են անասնապահությամբ ու այգեգործությամբ։ Գյուղի դիրքն ու կլիման թույլ են տալիս մեծ մասշտաբներով այգիներ մշակել։ Վուրգավանցին գտել է նաև սպառման ճանապարհները․ բերքն առաքվում է կա՛մ Հայաստանի Հանրապետության տարածք, կա՛մ էլ ուղարկվում է Ստեփանակերտ։

Վերածնվող Վուրգավան՝ ապագայի հույսով

16073255667_75508e29fa_b

Գյուղապետի խոսքով՝ գյուղում այժմ մեծ խանդավառություն է տիրում։ Դա կապված է ընթացող շինարարության հետ։ Վուրգավանի դպրոցը կիսավեր վիճակում է․ խոնավ ու վթարային շենքը վտանգավոր է երեխաների և ուսուցիչների առողջության համար։ Գյուղում առհասարակ գոյություն չունեն բուժկետ և համայնքապետարան։ «Հայրենասեր» կազմակերպությունն այս տարվա ամռանը հիմնովին վերակառուցում է Վուրգավանի դպրոցը, ինչպես նաև կառուցում է բուժկետ ու համայնքապետարան։ Դպրոցը շինարարության ընթացքում նաև կձևախոխվի, ինչը թույլ կտա տեղավորել ավելի մեծ թվով աշակերտների․ երեխաների թիվը գյուղում աճում է։ Դպրոցում կկառուցվի նաև մարզադահլիճ։
Վուրգավանցիները 20 եւ ավելի տարի ապրում են Վուրգավանում՝ կրելով բազում դժվարություններ․ նրանք իրենց ներկայությամբ պահպանում են ազատագրված հայրենիքը․ առաջին տարիներին նրանք ապրել են առանց որևէ կենսական պայմանների եւ չհեռանալով գյուղից՝ հնարավորություն են տվել համայնքին կայանալ։ Այսօր Վուրգավանն անցել է կայացման փուլը և թևակոխում է զարգացման փուլը։ «Հայրենասեր»֊ի կողմից իրականացվող շինարարությունը, որի շնորհիվ գյուղը կապահովվի վերակառուցված դպրոցով, բուժկետով ու համայնքապետարանով, մեծապես աջակցում է գյուղի զարգացմանը՝ վաղվա օրվա հույս պարգևելով համայնքին։

Թամարա Գրիգորյան

«Հայրենասեր» կազմակերպություն