Շարունակելով Վուրգի գործը

Քաշաթաղի շրջանի Վուրգավան գյուղի անվանումն անսովոր է առաջին անգամ լսողի համար։ Ինքս էլ երբ առաջին անգամ լսեցի Վուրգավան գյուղի անունը (իսկ այս գյուղի անունն առաջին անգամ լսել եմ գյուղում «Հայրենասեր» կազմակերպության նախաձեռնած ծրագրի մասին լուրի համատեքստում, որի մասին կխոսեմ քիչ ավելի ուշ), հարց առաջացավ, թե ինչու է այն այսպես կոչվում։ Պարզվում է՝ գյուղն անվանակոչվել է Արցախյան պատերազմի ազատամարտիկ Վուրգ Ոսկանյանի անունով։ Իսկ ո՞վ էր Վուրգը եւ ի՞նչ կապ ուներ Վուրգավանի հետ։

Արցախյան ազատամարտի մասնակից Վուրգ Ոսկանյանը ծնվել է 1941թ. մայիսի 28-ին Սիսիանի շրջանի Բռնակոթ գյուղում։ Իր ընտանիքի, որը սերում էր Հակոբ Ջուղայեցի Կաթողիկոսից, 10֊րդ զավակն էր։
Դպրոցն ավարտելուց հետո երկար տարիներ աշխատել է որպես ռազմագիտության ուսուցիչ․ ուղղակի ուսուցիչ չէր, այլ սերունդ էր դաստիարակում։ Հասկանում էր, որ երեխան առանց հայրենաճանաչության չի կարող սիրել իր հայրենիքը և երեխաների հետ հաճախ է արշավներ կազմակերպել, իսկ երեկոյան, խարույկի մոտ, պատմել Հայ Դատից, հայոց պատմությունից, Հայոց Ցեղասպանությունից ու կորցրած հայրենիքից։

1017674_595727290467968_622974171_n

Դեռ խորհրդային տարիներին նրա նախաձեռնությամբ հայրենի Բռնակոթ գյուղում հուշարձան է տեղադրվել՝ նվիրված Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին։ Ժամանակի իշխանությունները ցանկացել են հանել հուշարձանը, սակայն ապարդյուն, չի հաջողվել։ Երբ սկսվել է Արցախյան զարթոնքը, Վուրգն ասես դրան սպասելիս է եղել ու ամբողջ ուժով ու նվիրումով նվիրվել է հայրենափրկման գործին։ Նախ ի ցույց դնելով իր փայլուն հռետորական ձիրքը՝ հավատ է ներշնչել մարդկանց, ովքեր վստահել են նրա խոսքին․ ջոկատ է կազմել, ու տարիներ առաջ իր հետ Հայրենիքը բացահայտած ու գնահատած աշակերտներն էլ գնացել են նրա հետևից։
Այնուհետ եկել է ռազմի դաշտում գործելու ժամանակը։ Այստեղ էլ փայլուն հնարամտություն, քաջություն ու նվիրվածություն է ցուցաբերել։ 1989թ. օգոստոսի 28-ին ադրբեջանցիները Նախիջևանի տարածքից առաջացել էին։ Վուրգն իր ջոկատով ուժեղ հակահարված է հասցնում ու հետ շպրտում նրանց։
1990թ. հուլիսի 12-ին Մինքենդի սահմանագծում ադրբեջանցիները դարձյալ խախտել էին սահմանը. երկու ժամ տևած փոխհրաձգությունից հետո հանկարծ օդում հայտնվում է 7 ուղղաթիռ։ Սպառազինված ռուս զինվորները, շրջապատելով, պահանջում են զինաթափվել ու հանձնվել։ Կամավորականները, շրջան կազմելով ու նռնակները պատրաստ պահած, սկսում են բարձրաձայն երգել։ Տղերքի համարձակությունից շփոթված՝ ռուս սպան փոխում է վճիռը՝ զենքերը հանձնելու պայմանով։ Վուրգի հրամանով մեծ քանակությամբ զենք հաջողվում է թաքցնել, իսկ որոշ մասը հարկադրված հանձնում են։

a_a8c57a17

Մեկ այլ անգամ զենքի ուժն ու մտքի թռիչքը համատեղեց Լաչինի մարդասիրական միջանցքի՝ «Կյանքի ճանապարհի», պաշտպանության ազատագրական մարտերում, երբ նրա վաշտի հարվածներից հակառակորդը տվեց 400-ից ավելի զոհ։ Դեկտեմբերի 10-ին սկսված Կապան-Զանգելան օպերացիայի ժամանակ ընդամենը մեկ օրվա ընթացքում անօրինակ սխրանքներով ոչնչացվում են ադրբեջանական գյուղերում տեղակայված հենակետերը։
Վուրգը մեծագույն ներդրում ունի Քաշաթաղի ազատագրման գործում, և Քաշաղաթում, Վակունիս գյուղի մոտ էլ զոհվել է։ Նրա անունով է այդ գյուղի դպրոցը։ Քաշաթաղի հարավում գտնվող Վուրգավան գյուղը կոչվում է ազատամարտիկի անունով։ Ասում են՝ Վուրգը Քաշաթաղում առաջին անգամ հենց այս գյուղ է այցելել, ու տեղում կռվող տղերքը գյուղը կոչել են Վուրգավան․ անունը հաստատվել է և այսօր էլ վառ է պահում հերոս ազատամարտիկի հիշատակը․ ազատամարտիկ, որ նվիրվեց Արցախին, որ լուսավառվեց ու անմահացավ սուրբ հայրենիքի փրկության համար։ Այսօր հերոսի անունը կրող գյուղում 40 ընտանիք է ապրում։ 40 հայ ընտանիքներում հայ մանուկներ են ծնվում ու փաստում, որ Վուրգն ու մյուս հերոս տղաները իզուր չեն նահատակվել, որ նրանց թողած, իրենց արյամբ սրբագործված հայրենքին այսօր հայկական է ու հայ երեխան է նրա վաղվա օրը։
Ազատագրված Վուրգավանում այսօր, սակայն, հայոց հողի տերը շատ կարիքներ ունի։ Գյուղում չկա բուժկետ, չկա համայնքապետարան, դպրոցը կիսախարխուլ է։ Վուրգն իր աշակերտներին իսկական հայրենասերներ էր մեծացնում, իսկ այսօր, Վուրգի անունը կրող գյուղի դպրոցում երեխաները սովորում են կյանքի ու առողջության համար վտանգավոր պայմաններում։ Վուրգին հիշել՝ նշանակում է շենացնել Վուրգավանը, խոնարհվել նրա լույս հիշատակի առջև նշանակում է արժանապատիվ ապագա ապահովել վուրգավանցի երեխայի համար այսօր։
«Հայրենասեր» կազմակերպությունն այս ամռանը կառուցում է առաջնային ենթակառուցվածքների համալիր Վուրգավանում, որը կընդգրկի վերակառուցված դպրոցն իր նոր մարզադահլիճով, բուժկետ ու համայնքապետարան։ Համալիր այս կառույցը կօգնի հավատալ վուրգավանցուն, որ ինքը մենակ չէ իր խնդիրների հետ, որ ինքն, ապրելով հայրենիքի այս հույժ կարևոր հատվածում, ամբողջ հայ ազգի ուշադրության կենտրոնում է, կհավատա, որ մեզ համար միևնույնը չէ, թե ինքն ինչ է անելու, երբ իր բալիկը հիվանդանա, միևնույնը չէ, թե ինչ պայմաններում են սովորում իր երեխաները, որտեղ են քննարկվում իր գյուղի խնդիրները։

Ազատագրված հայրենիքի մերօրյա տերերն արժանի են արժանապատիվ ապրելու․ նրանք շարունակում են հերոսների սկսած գործը՝ հայաշունչ են պահում դարերով կորցրած հայրենիքը։

Թամարա Գրիգորյան