Ազատագրված Քարվաճառ․ 22 տարի անց

1993 թ․ այս օրերին Քարվաճառի շրջանում խառնաշփոթ էր։ Այն ժամանակ շրջանը դեռ Քելբաջար էր կոչվում, ու շրջանն ազատագրողներն էլ թերեւս այդ պահին դեռ վստահ չէին, որ 22 տարի անց էլ այն Քարվաճառ է լինելու, որ 22 տարի անց այստեղ հայ մարդը ոչնչից (իսկ ավելի ճշգրիտ՝ ավերակներից) տուն է կառուցելու, դպրոց է կառուցելու, այստեղ երեխաներ են ծնվելու, մկրտվելու, պսակվելու․․․

Քարվաճառը հայոց միջնաբերդ է

22 տարի առաջ այս օրերին Քարվաճառի շրջանում շատ կարեւոր մի բան էր տեղի ունենում․ դարավոր ընդմիջումից հետո հայ զինվորն ազատագրում էր իր պատմական հայրենիքը․ հայրենիք, որ 2 դարից ավելի գերի էր քոչվոր մուսուլմանների ձեռքին, հայրենիք, որտեղ հետեւողականորեն ոչնչացվել էր հայկական հետքը, որտեղ եկեղեցիներ ու խաչքարեր էին հոշոտվել, հայրենիք, որ այնքան էր կարոտել իր հայ զավակին։
Ազատ Քարվաճառն այսօր 22 տարեկան է։ Առաջին վերաբնակիչները նշում են իրենց՝ Քարվաճառում բնակվելու 16 տարին․ առաջին վերաբնակիչները հաստատվել են Քարվաճառում 1999 թ․ սկզբից։ Հենց այս թվականի ընթացքում էլ Քարվաճառում ծնվել են ազատագրումից ի վեր առաջին հայ երեխաները, ովքեր այսօր սովորում են Քարվաճառի միջնակարգ դպրոցի 11֊րդ դասարանում ու հպարտորեն են ասում՝ Քարվաճառն իմ ծննդավայրն է։

Քարվաճառի առաջին վերաբնակիչներն ունեցել են բազմաթիվ կենցաղային խնդիրներ, գրեթե անլուծելի թվացող խնդիրներ, որոնք, սակայն հաղթահարվել են, ու առաջին տարիներին այստեղ եկած շատ ընտանիքներ ամրացել են Քարվաճառում, ու արդեն նրանց երեխաներն են այստեղ ընտանիքներ կազմում։

Քարվաճառում այսօր էլ խնդիրները շատ են, բայց Քարվաճառում կա մի շատ ավելի կարեւոր բան․ ամեն օր Քարվաճառում արթնանալով, ինքս ոչ թե խնդիրների մասին եմ մտածում, այլ ամեն օր մեկ անգամ եւս գիտակցում եմ, որ երկու տասնամյակ առաջ հայրենիքիս այս հատվածը գերված էր, իսկ հիմա ազատ է, ազատ է հայ զինվորի շնորհիվ, ազատ է Մոնթեի, Հեթանոս Գագոյի, Պետոյի շնորհիվ, ովքեր իրենց կյանքը չխնայեցին պատմական հայրենիքի մի հատվածն ազատելու համար։ Եւ ո՞րն է իմ անելիքն այս ամենից հետո․ իհարկե, ապրել Քարվաճառում ու կարողացածիս չափով շենացնել այն։

Օրերս խոսում էի Քարվաճառի առաջին բնակիչներից մեկի հետ։ «Երբ որ եկանք Քարվաճառ, մեզ թվաց, թե դրախտ ենք եկել», պատմում էր նա։ Առաջին անգամ ինքս էլ Քարվաճառ գալով՝ մտածեցի, որ դրախտ եմ եկել․ կանաչ, գեղեցիկ, բարձր ու ազատ։ Քարվաճառում լավ կամ վատ չէ այլ բնակավայրերի հետ համեմատած․ ո՛չ, Քարվաճառում պարզապես այլ կերպ է, ոչ ավելի լավ, ոչ ավելի վատ, այլ մի ուորւյն կերպ։ Քարվաճառում մարդը մոտ է բնությանը, մոտ է արեւին, մոտ է երկնքին, մոտ է աստղերին ու մոտ է հայ զինվորի արյամբ սրբագործված կենսատու հողին․․․

22 տարի առաջ այս օրերին չափազանց կարեւոր մի բան էր տեղի ունենում․ ազատագրվում էր Դադիվանքը, սրբագույն Դադիվանքը, որ խլվել էր իր զավակներից դարեր առաջ, աստվածային Դադիվանքը, որ ամեն հայ պիտի տեսնի, զգա, հասկանա։

22 տարի առաջ անասելի կարեւոր մի բան էր տեղի ունենում․ այսօր մենք իրավունք չունենք անտեսելու 22 տարի առաջ տեղի ունեցածը։ Ազատ Քարվաճառը մեզ ազգային վերածնունդի հնարավորություն է տվել․ մենք իրավունք չունենք այն չօգտագործել։

Թամարա Գրիգորյան