Կարևորագույն գրքի շնորհանդես Գլենդեյլում

StepanSargsyan

Գլենդեյլի հայ համայնքը առիթ ունի ծանութանալու մի կարևորագույն գրքի։ ՀՀ Ազգային արխիվի և «Վան» հասարակական կազմակերպության համագործակցության արդյունքում հրատարակվել և այժմ էլ հայերենից անգլերեն է թարգմանվել «Հայոց ցեղասպանությունը օսմանյան Թուրքիայում. վերապրածների վկայություններ» ժողովածուն։ Գրքում հավաքված են 600-ից ավել ցեղասպանությունից փրկված ականատեսների վկայություններ, որոնք գրի են առնվել 1916 թվականին։ Նոյեմբերի 8-ին՝ ուրբաթ օրը, ժամը 7-ին տեղի կունենա գրքի շնորհանդեսը Իրանահայ միության սրահում (117 South Louise St., Glendale, CA 91205)։ Միջոցառման գլխավոր բանախոսը լինելու է «Վան»-ի համահիմնադիր Գագիկ Մելիքյանը։

Այս վկայությունների հավաքագրումը նախաձեռնվել է 1916 թվականին Դաշնակցության Բաքվի կոմիտեի կողմից։ Հատորյակի գլխավոր խմբագիր Ամատունի Վիրաբյանի պնդմամբ այս նախաձեռնության հիմնական հեղինակը ամենայն հավանականությամբ եղել է Զաբել Եսայանը։ Հետագայում այս գործին միացել են նաև Վահան Թոթոևենցը, Անդրանիկը, Մեբաստացի Մուրադը։ Նախաձեռնության մասնակիցիները շրջել են Արևմտյան Հայաստանի բնակավայրերով, ինչպես նաև գաղթածների հավաքատեղիներով և հավաքել են ականատեսների վկայությունները։ Ոպեսզի հավաքված տեղեկությունը ճշգրիտ լինի, գործածել են նախապատրաստված հարցաշարեր և ականատեսներին հորդորել են իրենց նկարագրությունները զերծ պահել հավելյալ զգացմունքայնությունից։

Զարմանալի է, թե այդ պատերազմական իրավիճակում ինչպես է հաջողվել նման լայնածավալ և, որ ամենակարևորն է, ճշգրիտ տեղեկություն հավաքել։ 25 հարցերից կազմված հարցաշարում անդրադարձ է արվել ցեղասպանության գրեթե բոլոր կողմերին՝. բնակավայրը, տեղի հայ բնակչության թվաքանակը, ունեցվածքը, թուրքական բանակ հավաքագրված հայ զինվորների թիվն ու նրանց ճակատագիրը, տեղահանումը, բնակչության կազմակերպած ինքնապաշտպանություն, ջարդարարների ինքնությունը, գաղթի ճանապարհը, եվրոպացի ականատեսների վերաբերմունքը, և այլն։

Հատորյակի հրատարակմամբ նպատակ է դրվել նաև առաջ մղել Հայոց ցեղասպանության հետապնդումը միջազգային իրավական հարթությունում։ Դա ակներև է գրքի նաև վերնագրից, որի «Հայոց ցեղասպանությունը օսմանյան Թուրքիայում…» անվանումով ակնարկվում է ներկայիս Թուրքիայի Օսմանյան կայսրության իրավահաջորդ լինելը և պատասխանատվություն կրելը։
Այս վկայությունները մեզ են փոխանցել նաև նախկինում անհայտ ինքնապաշտպանական կռիվների մասին տեղեկություններ։ Թեև մեզ հայտնի են մեծ շրջանների կազմակերպված ինքնապատշպանական մարտերը, ինչպես Վանում, սակայն փոքր գյուղերում նույնպես եղել են ինքնապաշտպանության փորձեր։ Օրինակ Յեդիկիլիսե գյուղում երիտասարդությունը մինչև վերջ կանգնած դիմադրել է, որը մինչ այժմ անհայտ էր։ Ըստ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանի, ինքնապաշտպանական մարտերի մասին վկայությունները օգնում են պատասխանել մի շատ կարևոր հարցի. այդ ինչպե՞ս եղավ, որ ժողովուրդը չդիմադրեց այս ոճիրին։ Հայոց Եղեռնի նախնական փուլում զորակոչվել էր մարտունակ երիտասարդությունը՝ արդյունքում զրկելով բնակչությանը իր պատշպաններից։ Երբ զորակոչված հայությանը բանակում ոչնչացրին և սկսեցին տեղահանել բնակչությանը, մնացած ժողովուրդը դիմեց ինքնապաշտպանության իր սակավ մնացած զավակներով, որոնք կարող էին զենք բռնել։

Վերջին տասնամյակում ավելի հաճախ է խոսվում այն մասին, որ հայկական հարցի հետապնդման ռազմավարությունը Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջից պետք է վերաճի հայրենիքով հատուցման պահանջի։ Այս հատորյակը կարևոր ներդրում է հենց այդ ռազմավարությունը ամրապնդելու և իրականացնելու գործում։ Զարմանալի չի լինի, եթե նույն այս վկայությունները օգտագործվեն որևէ միջազգային դատական գործում Հայոց ցեղասպանության փոխհատուցման պահանջով։

Ուշագրավ է նաև «Վան» հասարակական կազմակերպության առաքելությունը։ Կազմակերպությունը հիմնադրվել է 2012 թվականին Երևանում՝ Հայաստանի և Սփյուռքի համախոհ հայերի կողմից: Մտահոգված լինելով պատմական իրադարձությունների օրեցօր բազմացող կեղծարարություններով՝ խումբը նպատակ է դրել օբյեկտիվորեն ներկայացնելու միջազգային հանրությանը հայ ժողովրդի պատմությունը, իրական փաստերը եւ իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել, մասնավորապես 1915-ից 1923 թվականներն ընկած ժամանակահատվածում՝ հայոց Ցեղասպանության իրականացման ընթացքում։
Կազմակերպության կայքում ծանոթանում ենք նաև նրանց ապագա ծրագրերին, որոնցից են այս վկայությունների 4-րդ և 5-րդ հատորների պատրաստումը և այլ սկզբղնաղբյուրների թարգմանությունն ու հրատարակումը, որով որոշակի հակազդեցություն կտրվի այն սուտ հակահայկական քարոզչությանը, որ տարածվում է Թուրքիայի և Ադրբեջանի կողմից՝ պետական մակարդակով։

Լինելով անձնական նկարագրություններ՝ այս վկայությունները կատարում են ևս մեկ կարևոր գործառույթ։ Եղեռնը վերապրած մեր ավագ սերնդի անխուսափելի հեռանալուց հետո այս նկարագրությունների միջոցով մեր երիտասարդ սերունդը առերեսվելու է Հայոց ցեղասպանության ողբերգությանը անձնականացված դժբախտության ու կորստի տեսքով, այլ ոչ թե չոր ու ցամաք վիճակագրական թվերով և քաղաքական փաստաթղթերով։ Իսկ դա անհրաժեշտ է ազգի ռազմավարական հիշողությունը փոխանցելու համար։ Ահա հրաշքով փրկված մի խարբերդցի քսանամյա օրիորդի պատգամը ապագա սերունդներին.

«Անիծված լինեն այս կարդացող անձերը ցեղից ցեղ, որ վրեժ չլուծեն։ Գուցե համարեն մեզ խելագարներ, կամ ոճրագործներ։ Այն, որ մենք տեսանք, այն կյանքը, որ մենք ապրեցանք, չի կարող գտնվել մի մարդ, նույնիսկ կմախքներեն, որ վրեժ չաղաղակե։ Կրկին կրկնեմ. անիծված ըլլա ցեղից ցեղ»։

Ստեփան Սարգսյան
«Հայրենասեր» կազմակերպություն