Վերակառուցե՛նք Լեռնահովիտի դպրոցը

Լեռնահովիտ

Վերակառուցե՛նք Լեռնահովիտի դպրոցը

Սիրելի հայրենասեր,

«Հայրենասեր» կազմակերպությունը նախաձեռնել է Արցախի Քաշաթաղ շրջանի Լեռնահովիտ համայնքի դպրոցի հիմնովին վերակառուցումը։ 

Քաշաթաղի դպրոցների շենքերը վատթար վիճակում են, մինչդեռ ազատագրված շրջաններում դպրոցը ոչ միայն կրթօջախ է, այլ վերաբնակեցվող բնակավայրի տնտեսական, սոցիալական և մշակութային զարգացման աղբյուր ու գրավական։ Եթե լինի դպրոց, ապա աշխատավարձերի և պետական այլ միջոցների մուտքը բնակավայր կապահովագրի վերաբնակեցվող գյուղի ապագան՝ նպաստելով նաև արտագաղթի կանխմանը։

Լեռնահովիտի դպրոցի ընտրությանը նպաստեցին հետևյալը.

  • Ռազմավարական կարևորություն. Քաշաթաղը ՀՀ-ն և ԼՂՀ-ն կապող օղակն է։ Հետևաբար, այն հույժ կարևոր է մեր հայրենիքի անվտանգության համար և պետք է շարունակվի վերաբնակեցվել։
  • Օգտվողների թիվ. Լեռնահովիտի դպրոցը սպասարկում է ոչ թե ընդամենը 1, այլ 4 գյուղերի աշակերտների։
    Առավելագույն հոգեբանական վերելք. գտնվելով Քաշաթաղի ծայր հյուսիսում՝ Լեռնահովիտի բնակիչները զգում են իրենց աշխարհից կտրված և լքված։ Դպրոցի վերակառուցումը մեծ հոգեբանական վերելք կապահովի։ Վերակառուցման լուրն արդեն իսկ մեծ խանդավառություն է առաջացրել Լեռնահովիտում։
  • Աշխատանքի ծավալ. «Հայրենասեր»-ի միջոցները թույլ կտան վերակառուցել Լեռնահովիտի դպրոցն ամբողջությամբ և հիմնովին։
  • Բնակավայրի զարգացման հեռանկար. Լեռնահովիտն այն եզակի համայնքներից է, որն իր բյուջեն լրացնում է սեփական եկամուտներով, մինչդեռ այլ գյուղեր կարիք ունեն դրամական աջակացության պետությունից։ Այսինքն, ենթակառուցվածքի առկայության դեպքում Լեռնահովիտն ունի զարգացման և վերաբնակեցման մեծ հեռանկար։

«Հայրենասեր»-ն իրականացրել է դպրոցի վերակառուցման մանրակրկիտ գծագրում և շինարարության նախահաշիվ (տե՛ս հավելվածներ Ա և Բ)։ Լեռնահովիտի համայնքը կտրամադրի անվճար կապույտ ավազ և քար շինարարության համար։ Այսպիսով, շինարարությունը կարժենա ընդամենը $38,000։

Մեր հերոս ազատամարտիկներն ազատագրեցին Քաշաթաղը, որ մենք պահպանենք և զարգացնենք այն։ Այժմ մենք պետք է ապացուցենք, որ իրենց զոհողություններն իզուր չէին: Ուրեմն, լծվենք հայրենիքի պաշտպանության ու զարգացման սրբազան գործին և հաջողությամբ իրագործենք դպրոցի վերակառուցումը։