Մի քարտեզի պատմություն

kartez-sxal

Գլենդելում գործող «Պերճ» գրատունն այն վայրն է, որտեղից ես կատարում եմ իմ գրեթե բոլոր նվերների ու հայատառ բացիկների գնումները: Պարոն Պերճը` ում պատկանում է այս գրատունը, միշտ սիրալիր ընդունում է ինձ, հետաքրքրությամբ լսում Հայաստանի ազատագրված տարածքի հետ կապված իմ պատմությունները, այնուհետեւ օգնում ինձ կատարել համապատասխան գնումներ ու ճանապարհում:

Ամեն անգամ «Պերճ» գրատուն գնալիս մանկան պես ուրախանում եմ, քանի որ սրտիս հոգեհարազատ բազմազան ապրանքներ եմ տեսնում. մեկի վրա՝ եռագույնը, մյուսի վրա՝ Հայաստանի զինանշանը, երրորդի վրա՝ հայոց այբուբենը եւ այդպես շարունակ: Սակայն «Պերճ» գրատանը կա մի բան, որն իմ մեջ միշտ ընդվզում է ծնում: Խոսքս Հայաստանի սխալ քարտեզի մասին է: Երբեք չեմ հոգնել կամ դադարել բողոքել քարտեզի սխալ սահմանագծից, եւ գրեթե ամեն անգամ նշել եմ, որ գրատան պատին, այն էլ երկու տարբեր տեղերում, փակցված է Հայաստանի սխալ քարտեզը: Ի դեպ, երբ ասում եմ Հայաստան ի նկատի ունեմ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետությունները:

«Պերճ» գրատուն գնալու իմ ամենասիրելի պահն այն է, երբ ես գրատանը բարձրաձայնում եմ քարտեզի սխալ փաստը, եւ ինձ են միանում գնումներ կատարող այլ հայեր ու համաձայնում ինձ հետ: Համաձայնում են, որ անընդունելի խայտառակություն է Արցախյան գոյամարտում ազատագրված պատմական հայկական հողերի մի մասը քարտեզում չընդգրկելը, եւ նաեւ այդ կերպ տեր չկանգնելն ազատագրված այն տարածքներին, որոնց համար ընդհամենը մի քանի տարի առաջ քաջաբար զոհվեցին մի քանի հազար հայ հերոսներ` կյանքի գնով մեզ ժառանգություն թողնելով ավելի մեծ Հայաստան: Թվում է, թե քսան տարին այդքան էլ երկար ժամանակահատված չէ, որ թույլ տար մարդկանց մոռանալ Արցախյան հերոսամարտի ու պատմական Հայաստանի ազատագրված հողատարածքի մասին:

Մի քանի շաբաթ առաջ մտա, «Պերճ» գրատուն իմ հերթական նվերի գնումը կատարելու նպատակով: Ինչպես միշտ՝ աչքս բնազդաբար գցեցի սխալ քարտեզի վրա, բայց ի՞նչ: Այս անգամ ինձ հաճելի անակընկալ էր սպասվում, որն էլ դարձավ այս հոդվածի մտահաղացման պատճառը: Պարոն Պերճը Բեյրութից ստացել էր Հայաստանի տաս սխալ քարտեզ: Այս նոր ստացած քարտեզներից մեկը փակցրել էր հին սխալ քարտեզի տեղն ու գծերի միջոցով փորձել ցույց տալ, որ ազատագրվածը նույնպես Հայաստանի մաս է կազմում: Իհարկե, այս գծերը չէին նշել օրինակ Ակնան` որտեղ հերոսաբար ընկավ ազգային հերոս Մոնթեն, բայց այդ գիծն էլ ես կավելացնեմ: Հուզմունքիս չափ ու սահման չկար, որ երկու տարվա դժգոհությունս վերջապես կոտրեց սառույցը: Հիմա մարդիկ կնայեն նորացված քարտեզին եւ կխորհեն, թե ինչ են նշանակում այդ գծերը: Ես պարոն Պերճին խոստացա նվիրել Հայաստանի ճշգրտված քարտեզը, որը նա խոստացավ փակցնել իր գրատան պատուհանի մոտ: Այդպիսով, այն տեսանելի կլինի բոլորի համար անգամ այն ժամանակ, երբ գրատունը փակ է:

kartez-tjisht

2011 թվականի ողջ ապրիլ ամիսը պատիվ ունեցա անցկացնել ազատագրված տարածքի մաս կազմող Քաշաթաղի շրջանում, որը Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության ամենամեծ շրջանն է: Այցիս նպատակն էր «Հայրենասեր» կազմակերպության համար ուսումնասիրություններ կատարել եւ ծանոթանալ տեղի բնակչությանը: Նաեւ պատիվ ունեցա երկու օրով այցելել Շահումյանի (պատմական Քարվաճառի) շրջան: Համաձայն Հայաստանի սխալ քարտեզի, որտեղ վաղուց արդեն պատմության գիրկն անցած Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի (ԼՂԻՄ) սահմաններն են միայն ընդգրկված, ստացվում է, որ ես անցյալ ապրիլ ամիսն անցկացրել եմ Ադրբեջանում: Քանի որ Քաշաթաղի եւ Շահումյանի շրջանները նախկինում ԼՂԻՄ-ի կազմում չեն գտնվել, Հայաստանի սխալ քարտեզում այս ազատագրված պատմական հայկական տարածքներն՝ այլ տարածքների հետ միասին, ցավոք չեն ընդգրկվում:

Մի՛ հանդուրժեք Հայաստանի սխալ քարտեզը: Պատմական Հայաստան երազող ազգն այսօր պիտի տեր կանգնի իր ազատագրված պատմական Հայաստանի բոլոր հատվածներին, քանի դեռ վաղն ուշ չի եղել, եւ քանի նորից պատմական Հայաստան չեն դարձել այն տարածքները, որոնք ազատագրվեցին Արցախյան գոյամարտի ժամանակ: Եթե անգամ չեք շարունակում ազատագրման ժամանակ ընկած հերոսների գործը` ծառայելով այս շրջաններին, գոնե տարրական հարգանքի տուրք մատուցեք զոհված հերոսներին, նրանց ընտանիքներին ու այս տարածքներն այսօր շենացնող վերաբնակիչներին` մեր հերոսների արյան գնով ազատագրվածը քարտեզում ընդգրկելով:

Նելլի Շուշի Մարտիրոսյան
Համահիմնադիր, «Հայրենասեր» Կազմակերպություն