Հարսանիք ԾԻԾԵՌՆԱՎԱՆՔՈՒՄ

harsaniq-1

Հուլիսի 14-ին հնամենի Ծիծեռնավանքի Սուրբ Գեւորգ եկեղեցում կայացավ պսակադրության արարողություն ։ Այն առանձնանում է նրանով, որ պսակադրվողները՝ Նելլի Շուշի Մարտիրոսյանն ու Ստեփան Սարգսյանն ԱՄՆ Գլենդել քաղաքից հատուկ հասել են Արցախ՝ Քաշաթաղ, որ հենց Ծիծեռնավանքում վավերացնեն իրենց կյանքի ամենակարեւոր իրադարձությունը։ Ապրելով ԱՄՆ-ում՝ «Հայրենասեր» կազմակերպության հիմնադիրները մեծ աշխատանք են ծավալում՝ իրենց գործունեությամբ նպաստելով նաեւ Արցախի՝ հատկապես ազատագրված տարածքների զարգացմանը։ Վերջերս նրանց ջանքերով նկարահանվեց «Մոնթե Մելքոնյան. հանուն արդարության» ֆիլմը, որը ներկայացնում է ազատագրված Քարվաճառի եւ Քաշաթաղի այսօրը։ Ծիծեռնավանքի տաճարի Սուրբ Խորանի առջեւ տեղի բնակիչների, ԱՄՆ-ից եկած հայ երիտասարդների, բերձորցի իրենց բարեկամների առ ջեւ՝ Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանի քավորությամբ, պսակադրությունը կատարեց Տեր Ավետիս Աբովյան քահանան։

harsaniq-2

Հատուկ էր նաեւ նորապսակների հագուստը՝ ազգային տարազ։ Օրհնելով նորապսակներին՝ Տեր Ավետիս Քահանան համոզմունք հայտնեց, որ հազարամյա Ծիծեռնավանքի Սուրբ տաճարի կամարների տակ պսակադրվածները մինչեւ կյանքի վերջը հավատարիմ կմնան իրենց խոստմանն ու երդումին։ Ավելացավ եւս մեկ հայ ընտանիք, որը, ճիշտ է, բնակվելու է օտար երկրում, սակայն անմասն չի մնալու հայրենիքի հոգս ու ցավից։ Ուրախալի է, որ օտար ափերում բնակվող մեր հայրենակիցների մեջ կան նման երիտասարդներ, որոնց կհետեւեն նաեւ շատերը։ Ճանաչելով Նելլի Շուշիին, ով մի քանի անգամ եկել է Արցախ, նրան ուղեկցել եմ մեր շրջանի տարբեր համայնքներ, իմանալով Ստեփան գործունության մասին՝ հավատում եմ, որ այսուհետ ավելին են անել ու («Մերան»-ը հաճախ է անդրադառնում «Հայրենասեր» կազմակերպության գործունեությանը՝ ծավալված ԱՄՆ-ում, մեր շրջանում )։

harsaniq-3

Պսակի արարողությունից հետո նորապսակները ծանոթացան Ծիծեռնավանքի պատմությանը, այցելեցին տեղի թանգարան եւ իրենց գրավոր տպավորությունները թողեցին մատյանում։ Այնուհետեւ հարսանիքի մասնակիցները եկան Բերձոր, որտեղ կայացավ խնջույք։ Հնչեցին կենացներ, բարեմաղթանքներ։ Խնջույքին ներկա էին նաեւ Բերձորում բնակություն հաստատած սիրիահայեր, ովքեր իրենց պարով եւս շուք տվեցին ուրախությանը։ Երաժշտությունն ապահովեցին Արթուր Մովսեսյանը եւ Արամայիս Եսայանը։ Նորահարսը շփոթված էր նման վերաբերմունքից . – Չէի պատկերացնում նման վերաբերմունք,-ասաց նա,-շնորհակալ եմ ամեն ինչի համար։ Հուզվեց, երբ խնջույքի դահլիճում նորապսակների համար նախատեսված տեղում տեսավ, որ պատին գրված է «Երջանկություն»։

Խնջույքից հետո նորապսակներն այցելեցին Բերձորի Ազատամարտիկների պուրակ, լուսանկարվեցին Մոնթեի նկարի մոտ, այնուհետեւ բարձրացան Արցախյան գոյամարտում նահատակվածներին նվիրված հուշահամալիր։ Մի քանի օր մնացին Քաշաթաղում, եղան տարբեր համայնքներում։ Վերադարձին ԱՄՆ 500 դոլլար գումար հատկացրեցին «Քաշաթաղ» բարեգործական հիմնադրամին։ Որոշեցին նաեւ, որ իրենց զավակների մկրտությունն էլ կկատարվի Արցախի սրբավայրերում։

Զոհրաբ Ըռքոյան
Արտատպված է Քաշաթաղ շրջանի «Մերան» թերթից