Սփյուռքահայության ջանքերով Արցախի ազատագրված շրջաններում վերակառուցման ծրագրերը շարունակվում են

Արմենպրես լրատվական գործակալությունը «Հայրենասեր» կազմակերպության համահիմնադիր Ստեփան Սարգսյանի հետ զրուցել է կազմակերպության իրականացրած ծրագրերից, ապագայի անելիքներից ու կազմակերպության առաջնահերթություններից։ Հոդվածը ներկայացնում ենք ամբողջությամբ։

Արցախի ազատագրված տարածքները, ռազմավարական կարևոր նշանակություն ունենալով հայության համար, կարիք ունեն վերակառուցման ու զարգացման: Այս և այլ նշանակալից գործոններ հաշվի առնելով` վերջին տարիներին նկատվում է այդ տարածքների հանդեպ հոգածության բարձրացում անհատական նախաձեռնությունների միջոցով: «Արմենպրես»-ը զրույցել է Արցախի Քարվաճառի և Քաշաթաղի շրջանում նմանատիպ ծրագրերի հարուստ փորձ ունեցող «Հայրենասեր» կազմակերպության հիմնադիր, ամերիկաբնակ Ստեփան Սարգսյանի հետ:

-Կխնդրեի մի փոքր պատմեք Ձեր մասին, «Հայրենասեր» կազմակերպության մասին:

-«Հայրենասեր» կազմակերպության հիմնադրման գաղափարը իմն ու կնոջինս է: Երկուսս էլ Երևանից ենք, ԱՄՆ-ում՝ Լոս Անջելեսում ենք հաստատվել 1999-ից։ Կրթությունս տնտեսագիտության, բինզեսի հետ է կապված։ Այս բոլոր տարիներին աշխատել եմ ամերիկյան բանկային ոլորտում, հիմնականում զբաղվել եմ վարկավորման գործի ռիսկերի կառավարումով։ Մասնագիտական աշխատանքից դուրս ծավալել եմ նաև հասարակական գործունեություն՝ նախաձեռնելով և իրականացնելով տարբեր ծրագրեր տեղի հայկական համայնքում և Հայաստանում։ Կինս՝ Նելլի Շուշի Մարտիրոսյանը, կրթության ոլորտի մասնագետ է։ Նելլին նույնպես ԱՄՆ-ում գտնված ամբողջ ժամանական շատ ակտիվ գործունեություն է ծավալել հասարակական ոլորտում՝ նախաձեռնելով և իրականացնելով բազմաթիվ ծրագրեր Լոս Անջելեսի հայկական համայնքում և Հայաստանում։ Դրանց թվում` Տավուշի մարզի Չինարի գյուղի դպրոցի վերակառուցման և Արցախի Ծմակահող գյուղի աշակերտության զարգացմանը նվիրված ծրագրերը: 2011-ին որոշեցինք հիմնադրել «Հայրենասեր» կազմակերպությունը, որպեսզի ավելի համակարգված, շարունակական ու ծավալուն կերպով նպաստենք մեր հայրենիքին։ Կազմակերպության առաքելությունն է նպաստել Հայաստանի անկախ պետականության պահպանմանն ու զարգացմանը՝ բացահայտելով կարևորագույն խնդիրներն ու գործադրելով համապատասխան լուծումներ։
Մեր համախոհ ընկերների և Հայաստանի ապագայով մտահոգված այլ անձանց հետ, ովքեր մեզ նման կամավորներ են, իրականացնում ենք ենթակառուցվածքային և կրթական-տեղեկատվական ծրագրեր Հայաստանում։ Ի դեպ, Հայաստան և Հայաստանի պետականություն ասելով մենք հասկանում ենք և՛ ՀՀ -ն, և՛ ԼՂՀ-ն, քանի որ այդ երկու վարչական միավորները միասին ներկայումս կազմում են մեր հայրենիքը և հայոց պետականությունը։ Արդեն իրագործված ծրագրերից են ԼՂՀ Քաշաթաղի շրջանի Լեռնահովիտ համայնքի դպրոցի հիմնովին վերակառուցում-ընդլայնումը, ամենամյա օրացույցի թողարկումը՝ նվիրված մեր հերոս ազատամարտիկներին, «Մոնթե Մելքոնյան. հանուն արդարության» վավերագրական ֆիլմի ստեղծումը և այլն։

-Ի՞նչ միջոցներով են իրականացվում ծրագրերը:

-Ծրագրերի համար անհրաժեշտ գումարը հավաքվում են սրտացավ հայերից տարբեր դրամահավաքների միջոցով։ Հիմնական նվիրատուն Լոս Անջելեսի հայկական համայնքն է, բայց նվիրատուներ ունենք ԱՄՆ-ի տարբեր քաղաքներից, Կանադայից։ Նվիրատուներ են եղել նաև Ռուսաստանից, Լիբանանից, և Հայաստանից։

-Ի՞նչ փուլում է Վուրգավանի դպրոցի կառուցման նախագիծը: Որքա՞ն գումար է հավաքվել: Ովքե՞ր են նվիրատուները:

-2015-ի ամռանը իրականացնելու ենք մի ենթակառուցվածքային ծրագիր Քաշաթաղի Վուրգավան գյուղում, որի արդյունքում կստեղծվի համայնքային կառույցների մի համալիր։ Այդ համալիրը կներառի նորակառույց բուժկետ, նոր գյուղապետարան և հիմնովին վերանորոգված և ընդլայնված դպրոց՝ իր նոր մարզադահլիճով։ Այս համայնքային անհրաժեշտ կառույցների համալիրը թույլ կտա, որ Վուրգավանը շարունակի իր բնականոն զարգացումը։ Գրեթե 200 տարի այս պատմական հայկական հողում հայ չի ապրել։ Բայց մեր հերոս ազատամարտիկների արյան գնով ազատագրված բնակավայրը շուրջ 20 տարի է, ինչ վերաբնակեցվել-վերահայացվել է մեր հայրենակիցներով՝ հասնելով մի փուլի, երբ ռմբակոծված շինությունները, բացակայող ենթակառուցվաքներն ու «տուն» կոչվող ավերակ-հյուղակներն այլևս չեն բավարարում գյուղի զարգացմանը։ Եվ եթե ուզում ենք, որ Վուրգավանն ունենա ապագա և նորից չհայաթափվի, անհրաժեշտ են տարրական ենթակառուցվածքները՝ բուժկետ, գյուղապետարան, ժամանակակից և բարեկարգ դպրոց:

16073198189_23fa8b1048_b

Այժմ սկսում ենք դրամահավաքը, որը հիմնականում կիրականացնենք լոսանջելեսահայության շրջանակում։ Իսկ շինարարությունը կսկսի մայիսին և կավարտի մինչև դասերի վերսկսելը սեպտեմբերին։

-Լեռնահովիտի դպրոցի կառուցման մասին էլ կխնդրեմ խոսեք ու ներկայացնեք պատմությունը:

-2014-ի ամռանը «Հայրենասեր»-ն իրականացրեց Արցախի Քաշաթաղի շրջանի Լեռնահովիտ համայնքի դպրոցի հիմնովին վերակառուցումը։ Քաշաթաղի դպրոցների շենքերը վատթար վիճակում են, մինչդեռ ազատագրված շրջաններում դպրոցը ոչ միայն կրթօջախ է, այլ վերաբնակեցվող բնակավայրի տնտեսական, սոցիալական և մշակութային զարգացման աղբյուր ու գրավական։ Եթե լինի դպրոց, ապա աշխատավարձերի և պետական այլ միջոցների մուտքը բնակավայր կապահովագրի վերաբնակեցվող գյուղի ապագան՝ նպաստելով նաև արտագաղթի կանխմանը։ Լեռնահովիտի դպրոցի ընտրությանը նպաստեցին շրջանի ռազմավարական կարևությունը, օգտվողների թիվը, բնակավայրի զարգացման հեռանկարը, ինչպես նաև այնտեղ ապրող մարդկանց հոգսին հաղորդակից լինելն ու առավելագույն հոգեբանական վերելք ապահովելը: Քաշաթաղը ՀՀ-ն և ԼՂՀ-ն կապող օղակն է։ Հետևաբար, այն հույժ կարևոր է մեր հայրենիքի անվտանգության համար և պետք է շարունակվի վերաբնակեցվել։ Լեռնահովիտի դպրոցը սպասարկում է ոչ թե ընդամենը 1, այլ 4 գյուղերի աշակերտների։

15004359316_0e4143eb64_b

Գտնվելով Քաշաթաղի ծայր հյուսիսում՝ Լեռնահովիտի բնակիչները զգում են իրենց աշխարհից կտրված և լքված։ Դպրոցի վերակառուցումը մեծ հոգեբանական վերելք կապահովեր։ Վերակառուցման լուրն արդեն իսկ մեծ խանդավառություն էր առաջացրել Լեռնահովիտում: Սա այն եզակի համայնքներից է, որն իր բյուջեն լրացնում է սեփական եկամուտներով, մինչդեռ այլ գյուղեր կարիք ունեն դրամական աջակացության պետությունից։ Այսինքն, ենթակառուցվածքի առկայության դեպքում Լեռնահովիտն ունի զարգացման և վերաբնակեցման մեծ հեռանկար։

Ինչպես և նախատեսվում էր, «Հայրենասեր»-ը շինարարությունը հաջողությամբ իրականացրեց ամռանը և վերջացրեց մինչև ուսումնական տարվա սկիզբը սեպտեմբերին։ Դպրոցի առկա շենքին ավելացվեցին նաև մինչ այդ գոյություն չունեցող զուգարաններ և ևս մեկ դասասենյակ։

-Ինչո՞ւ հենց Քաշաթաղի շրջանի գյուղերը: Գիտեմ նաև, որ ուսումնասիրել եք ազատագրված տարածքների բնակիչների կարիքները, հիմնականում, ի՞նչ խնդիրներ ունեն նրանք և որո՞նք են Ձեր կազմակերպության առաջիկա առաջնահերթությունները:

֊Քարվաճառի և Քաշաթաղի ընտրությունը պայմանավորված է նրանց ռազմավարական կարևորությամբ և ծայրահեղ մեծ կարիքով։ Այս շրջանները ԼՂՀ-ն ՀՀ-ին կապող օղակն են հանդիսանում, իսկ դրանց ազատագրումը թույլ է տալիս կրճատել ճակատի երկարությունը և կենտրոնացնել ուժերը Արցախի արևելյան ճակատում։ Սրան անհրաժեշտ է նաև ավելացնել, որ Քարվաճառի բարձր լեռները տրամադրում են հակառակորդի հանդեպ դիրքային զգալի առավելություն, որը կարևորագույն գործոն է զինվորների թվով և զինամթերքով գերազանցող թշնամու հանդեպ ռազմական հավասարակշռություն հաստատելու համար։ Նաև չմոռանանք, որ Քարվաճառն ու Քաշաթաղը ունեն զգալի տնտեսական ներուժ, սկսած ջրային պաշարներից, օգտակար հանածոներից և էներգետիկ ներուժից և վերջացրած գյուղատնտեսական մեծ հնարավորություններով։ Հատկապես Քաշաթաղի հարավային թևի հարթավայրերն ու կլիման այն կարող են դարձնել մեր երկրորդ Արարատյան դաշտավայրը։ Վերջապես, բոլոր ռազմավարական հիմնավորումներից զատ, սա մեր պատմական հայրենիքն է, որտեղ 200 տարի դադարից հետո վերաբնակվող հայի խոսքն է լսվում։ Իսկ վերաբնակներն ունեն շատ ավելի մեծ կարիքներ, քան մեր մյուս մարզերում։ Ասեմ ամենապարզը. եթե մեր մյուս շրջաններում մարդիկ բնակվում են իրենց պապենական տներում և մշակում սերունդներով փոխանցված պապենական այգիները, այս տարածքներով մարդիկ ստիպված են զրոյից տուն ու այգի հիմնել։ Թշնամու թողած տները նպատակասլաց կերպով այրվել և քանդվել են։ Վերաբնակները ապրել են տներում հողածածկ հատակներով, քանդված պատերով, և այլն։ Էլ չխոսենք ենթակառուցվածքի մասին։ Կարիքները շատ են, վերաբնակեցումը հույժ կարևոր, իսկ անհրաժեշտ աջակցությունն ու աշխատանքը անհամեմատելի քիչ։ Միչդեռ այս շրջանները կարևորագույն նշանակություն ունեն հայոց պետականության ամրապնդման համար։ Դրա համար էլ ընտրեցինք ազատագրված տարածքները որպես մեր միջնաժամկետ աշխատանքի թիրախ։

Հարցազրույցն` Անի Նազարյանի