Ֆրեզնո քաղաքի հայ բժիշկները ծանոթացել են Քաշաթաղի շրջանի առողջապահական խնդիրներին (տեսանյութ)

«Հայրենասեր» կազմակերպության հիմնադիրներ Ստեփան Սարգսյանի և Նելլի-Շուշի Մարտիրոսյանի ուշադրությունը Քաշաթաղի շրջանի խնդիրներին ակնառու է դպրոցաշինության ծրագրերի իրականացմամբ։
«Հայրենասեր»-ի նախաձեռնությամբ նախորդ տարի սեպտեմբերին վերաբացվեց Քաշաթաղի շրջանի Լեռնահովիտի համայնքի հիմնանորոգված դպրոցը, իսկ արդեն այս տարի՝ Վուրգավանի հիմնանորոգված դպրոցը։ Ծրագիրը շարունակական է։
Սակայն, կազմակերպությունը միայն դպրոցաշինությամբ չի սահմանափակվում։

Նրանց կատարած աշխատանքներին համացանցի միջոցով տեղեկացել են նշանավոր հայերի բնօրրան՝ ԱՄՆ Ֆրեզնո քաղաքում ապրող մեր հայրենակիցները։ Ինչպես պատմեց Ֆրեզնոյից թերապևտ Կարո Խաչիկյանը՝ Ստեփանը Ֆրեզնոյի հայ բժիշկների ուշադրությունն է հրավիրել Քաշաթաղի շրջանի առողջապահական խնդիրներին։ Ստեփանի խորհրդին հետևելով՝ անհրաժեշտ բժշկական սարքավորումների պակասը լրացնելու նպատակով օրերս Իշխանաձորում էին Կարո Խաչիկյանը /թերապևտ/, Վաչե Վասիլյանը /ատամնաբույժ/ և նրա կինը՝ Կարինե Լեփեջյան-Վասիլյանը /մանկաբույժ/։
Բժշկական սարքավորումները ձեռք բերելու և բժիշկների այցելությունը կազմակերպելու հարցում իր մեծ ներդրումն է ունեցել նաև ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի հյուպատոս Պերճ Աբգարյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։