Վուրգավանում կառուցվում է վաղվա օրը․ ո՞վքեր են այն կառուցողները

Ծանոթանանք Արմանը, շինարար Բերձորից

Արմանն ապրում է ազատագրված Քաշաթաղում 1998 թ֊ից։ 1999֊ից ոչ միայն ապրում է ազատագրված հայրենիքում, այլև վերակառուցում ու շենացնում է այն զբաղվում է շինարարական աշխատանքներով։ Արմանի ընտանիքը՝ հայրը, մայրը, վեց քույրերն ու եղբայրները Բերձոր են տեղափոխվել Կոտայքի մարզի Արագյուղից 1996 թ։ Հայրը ևս շինարար է, Արագյուղում վաճառել է 10 հա այգին ու աշխատանքի բերումով տեղափոխվել ազատագրված հայրենիք։ Արմանն ընտանիքին միացել է երկու տարի անց, երբ ավարտել է զինվորական ծառայությունը։

11880844_10204389505449031_536458766_n

Ի՞նչ նշանակություն ունի ազատագրված հայրենիքը նրա համար

Ճիշտ է՝ ի սկզբանե ընտանիքն այստեղ է տեղափոխվել աշխատանքի բերումով, բայց ազատագրված հայրենիքն Արմանի ու իր ընտանիքի համար մեծ կարևորություն ունի։ Բերձորում է մեծանում Արմանի որդին, այստեղ են ապրում նրա քույրերն ու եղբայրն իրենց ընտանիքներով։ Արմանի մյուս եղբայրը տեղափոխվել է ապրելու Երեւանում։ Ինքն ամրացել է ազատագրված հայրենքիում, արդեն 16 տարի շինարարությամբ է զբաղվում՝ վերակառուցելով ու շենացնելով հայ ազատամարտիկի ազատագրած հայրենիքը։

Շինարարություն Վուրգավանում կառուցվում է համայնքի վաղվա օրը

Հիշեցնենք, որ 2014 թ «Հայրենասեր»֊ը հիմնովին վերանորոգեց Լեռնահովիտ համայնքի դպրոցը՝ վաղվա օրվա հույս ու հավատ պարգևելով համայնքի բնակիչներին։ Այս տարի «Հայրենասեր» կազմակերպությունը վերակառուցում է Քաշաթաղի շրջանի Վուրգավան համայնքի դպրոցը, ինչպես նաև կառուցում է մինչ այժմ գոյություն չունեցած բուժկետ ու համայնքապետարան։ Այս շինարարական աշխատանքները ղեկավարվում են Արմանի կողմից։ Արմանն ասում է՝ սա միայն աշխատանք չի, որ անում եմ ուրիշի համար։ Ո՛չ, այս շինարարությունն ավելին է։ Ինչպես ինքը դիպուկ ու անկեղծ բնութագրեց՝ կառուցում եմ այնպես, ինչպես իմ սեփական տունը կկառուցեի։ Դրա համար էլ օր ու գիշեր շինհրապարակում է, օր ու գիշեր հսկում է աշխատանքի ընթացքը ճիշտ այնպես, ինչպես իր տան շինարարության ամեն մի քարի համար կմտահոգվեր ու կուրախանար։

Անհրաժեշտ ենթակառուցվածքների այս համալիրը հիմնովին փոխելու է ազատագրված հայրենիքի տիրոջ՝ վուրգավանցու կյանքը, նրան ապագայի հույս է տալու ու օգնելու է ավելի լավ ապրել իր վերագտած հայրենիքում՝ չմտածելով այնտեղից հեռանալու մասին։ Արմանը վաղվա օր է կառուցում վուրգավանցիների համար։

Շինարարության օգուտները ոչ միայն վաղը, այլև հենց այսօր

Վուրգավանում ընթացող իսկապես աննախադեպ շինարարությունը ոչ միայն լուսավոր ապագա է խոստանում վուրգավանցուն, այլև օգնում է նրան ներկայում։ Մոտ տասը վուրգավանցի այսօր ներգրավված են շինարարարական աշխատանքներում․ քիչ աշխատատեղ ունեցող գյուղի համար կանխիկ աշխատավարձով այսքան աշխատատեղերի ապահովումը հավելյալ օգնություն է գյուղին։ Վուրգավանի շինարարությունն օժանդակում է նաև հարևան Սարատակ գյուղում գործող պեմզաբլոկի փոքր գործարանին։ Հենց այստեղից է համապատասխան շինանյութ գնվում Վուրգավանում ընթացող շինարարության համար, և եթե չլիներ «Հայրենասեր»֊ի պատվերը, փոքրիկ գործարանը կկանգներ փակման վտանգի առջև։

Վուրգավանցու արձագանքը

Շինարարության ընթացքում Վուրգավանում եռում են գյուղատնտեսական աշխատանքները նախ՝ վարուցանք, այնուհետ՝ բերքահավաք։ Այնումենայնիվ, վուրգավանցիներն այնքան են ոգևորված ընթացող շինարարությամբ, որ փորձում են ժամանակ գտնել, գալ օգնել շինարարներին։ Եթե անգամ ֆիզիկապես չեն հասցնում օգնել աշխատանքներին, օգնում են շինարարներին գյուղում մնալու տեղ տրամադրելով, մեկն իր այգու թարմ լոլիկն է բերում, մեկը սառը ջուր է հասցնում աշխատողներին։ Գյուղապետ Գեորգին էլ մի օր ոչ ավել, ոչ պակաս, մի գառ է բերել մորթել ու տվել շինարարաներին, որ ճաշեն։

Երեխաներն էլ են շատ ոգևորված։ Չնայած Արմանն անվտանգության նկատառումներից ելնելով թույլ չի տալիս, որ շատ մոտենան շինհրապարակին, նրանք գալիս են, հեռվից նայում ու ուրախանում։ Չէ որ այնտեղ կառուցվում է նրանց լուսավոր ու անվտանգ դպրոցը, կառուցվում է նրանց վաղվա օրը, կառուցվում է հենց նրա՛նց ապագան իրենց ծննդավայր հարազատ Վուրգավանում։

Թամարա Գրիգորյան

«Հայրենասեր» կազմակերպություն