Երբ կա ցանկություն, գտնվում է հնարավորություն

hayrenaser-logo

Իմ նախորդ հոդվածներում խոսել եմ ազատագրված տարածքներում զարգացման ծրագրերի անհրաժեշտության մասին։ Առավել կարևոր՝ խոսել եմ դրանք հասարակական հիմունքներով իրականացնելու հնարավորության մասին։ Եվ որպես դրա լավ օրինակ` պատմեմ այս մայիս ամսում «Հայրենասեր» կազմակերպության նախաձեռնած Բերձորի մանկապարտեզի դաստիարակների վերապատրաստման ծրագրի մասին, որն իրագործվեց «Հայրենասեր»-ի և «Երկուսով» հոգեբանական մասնագիտացված կենտրոնի համագործակցության շնորհիվ։

Ի դեպ, Քաշաթաղում մայիսին ծրագրի իրականացումը խորհրդանշական էր նաև նրանով, որ մայիսի 18-ին է ազատագրվել Քաշաթաղի շրջկենտրոն Բերձորը (նախկին՝ Լաչին)։ Արդեն 21 տարի է ինչ մայիսի 9-ի Շուշիի ազատագրման օրվան նվիրված տոնախմբություններին հետևում է Բերձորի ազատագրման տոնը։
Բոլոր նրանք, ովքեր հետաքրքրված են Հայաստանի ապագայով, պետք է իմանան, թե Քաշաթաղն ինչ կարևոր դեր է խաղում այդ ապագան ապահովագրելու գործում։ Խոսքը և՛ ռազմական կարևորության մասին է, և՛ տնտեսական, և՛ հոգեբանական։ Միայն քարտեզին նայեք (կարմիրով ներկվածը)։

qashatagh

Քաշաթաղով են անցնում Արցախը Հայաստանի Հանրապետությանը կապող 4 կարևոր ճանապարհներից 3-ը։ Այս շրջանի հսկողությունը թույլ է տալիս Ադրբեջանի հետ ունեցած ռազմաճակատի բազմակի կրճատում, ինչը կարևոր գործոն է թվաքանակով և նյութականով գերակշռող թշնամուն դիմագրավելու համար։ Քաշաթաղն ունի հզոր գյուղատնտեսական ներուժ։ Եվ վերջապես, Քաշաթաղն արյունով ազատագրված մեր պատմական հայրենիքն է, մեր ինքնության մասնիկը։
Վերադառնանք նախագծին։ Այն իրականացվեց հետևյալ փուլերով։

Ծրագրի ընտրություն
Տեղում բնակվող մարդկանց հետ խորհրդակցելով՝ ընտրվեց մանկապարտեզի դաստիարակների վերապատրաստման ծրագիրը։ Իրենք ավելի լավ գիտեն, թե ինչի կարիք ունեն։ Առաջարկված թեմաներից Բերձորի դաստիարակներն ընտրեցին մասնագիտական լարվածություն (սթրես), հուզական սպառում թեման:
Ընդհանրապես հեռու մայրաքաղաքային սրճարաններում և օտար ափերում մեկուսացված, ազատագրված տարածքների իրականությունից կտրված՝ անհնար է արդյունավետ ծրագրեր նախագծել։ Դրա համար էլ «Հայրենասեր»-ը պարբերաբար այցելություններ է կատարում ազատագրված շրջաններ և մշտական կապ պահպանում բնակչության հետ։

Գործընկերների հավաքագրում
«Հայրենասեր»-ը մոտեցավ Երևանում գործող «Երկուսով» հոգեբանական մասնագիտացված կենտրոնին և առաջարկեց իրագործել դաստիարակների վերապատրաստումը։ Ի ուրախություն «Հայրենասեր»-ի, կենտրոնի տնօրեն, հոգեբան Անուշ Ալեքսանյանը սիրահոժար կերպով համաձայնեց մեկնել Բերձոր և անվճար երկօրյա վերապատրաստման դասընթաց անցկացնել։

Ծրագրի նախապատրաստում
Բոլորս լծվեցինք մեր բաժին գործին։ «Հայրենասեր»-ը զբաղվեց նախագծի կազմակերպման-համակարգման գործով. տրանսպորտ, հարմարություններ, գրաֆիկների հարմարեցում, և այլն։ Մի խոսքով՝ կազմակերպչական թոհուբոհ։
Անուշ Ալեքսանյանը զբաղվեց մասնագիտական մասով. երկօրյա վերապատրաստման թեմա, մասնակիցներին անհրաժեշտ նյութեր, վերապատրաստման վկայականներ։
Շնորհակալ ենք հայտնում նաև Բերձորի մանկապարտեզի տնօրեն Իննա Բաբայանին, առանց ում ջանքի և հետևողականության այս վերապատրաստումը չէր կայանա։

Ծրագրի իրագործում
Նախապատրաստական աշխատանքները տվեցին իրենց արդյունքը և դաստիարակները ստացան հաջող վերապատրաստում։ Ինչպես Անուշ Ալեքսանյանը նկարագրեց, դասընթացի իրականացման հիմքում ընկած էր այն գաղափարը, որ մանկավարժական աշխատանքը հագեցած է լարվածությամբ, որի երկարատև ազդեցությունը հանգեցնում է մասնագիտական սպառման և մասնագիտական դեֆորմացիայի։ Այս սպառումն էլ նվազեցնում է մանկավարժների աշխատանքի արդյունավետությունը։ Իսկ մենք ուզում ենք, որ մեր Քաշաթաղի փոքրիկները լավագույն կրթությունը ստանան։ Վերապատրաստման արդյունքում մասնակիցները հնարավորություն ունեցան տիրապետել հոգեբանական ինքնօգնության միջոցներին, ձեռք բերել հուզական սպառմանը դիմակայելու հմտություններ և բարձրացնել իրենց հոգեկան առողջությունը։
Ահա մանկապարտեզի տնօրենուհու արձագանքը.

«Ուղղակի հիացած ենք: Վերապատրաստումը իսկապես մեզ համար էր։ Իհարկե միշտ մտածել ենք երեխաների մասին, բայց հասկացանք, որ մենք պետք է լավ վիճակում գտնվենք, որ կարողանանք ավելին անել բալիկների համար: Ահագին թեթևացած և նոր դրական լիցքերով ենք աշխատում հիմա։ Երբ մի փոքր բանից նեղվում ենք, մեկս մյուսին հիշեցնում ենք Անուշի ասածները ու փոխում տրամադրություններս»։

Վերապատրաստման վերջում բոլոր վերապատրաստվողները ստացան վկայականներ:
Վերջում՝ մի քանի կարևոր դիտարկումներ.

  • Նախագիծն իրագործվեց երկու՝ սփյուռքյան և հայաստանյան կազմակերպությունների համագործակցությամբ։ Սովորաբար նման ծրագրերում «համագործակցություն» է ներկայացվում այն, երբ սփյուռքյան կազմակերպությունը՝ պատվիրատուն, վճարում է հայաստանյան կողմին պատվիրված աշխատանքի դիմաց։ Սակայն «Հայրենասեր»-ի և «Երկուսով» կենտրոնի համագործակցությունը եզակի էր կողմերի համահավասար մասնակցությամբ։
    Հիրավի՝ Քաշաթաղի երեխաների ապագան բոլորիս մտահոգությունն է, այլ ոչ միայն Քաշաթաղցունը և «Հայրենասեր»-ինը։
    Այս փաստը չէր վրիպել նաև Իննա Բաբայանի աչքից, ով նշեց, որ շատ հաճելի է սփյուռքում և Հայաստանում գործող կազմակերպությունների համագործակցությունը ազատագրված տարածքներում։ Հուսանք, որ այլ կազմակերպություններ ևս կհետևեն այս օրինակին:
  • Ծրագիրը հնարավոր եղավ իրագործել նվազագույն միջոցներով՝ հիմնականում շնորհիվ վերը նշված համահավասար համագործակցության։ Ամբողջ ծրագրի վրա ծախսվեց մոտ $200, այն դեպքում, երբ նման վերապատրաստումները արժենում են մի քանի անգամ ավելին։ Նշենք, որ խոսքը գնում է հեռավոր շրջանի մի մանկապարտեզի մասին, ինչպիսիք նման ծրագրերից սովորաբար դուրս են մնում։
    «Հայրենասեր»-ը շնորհակալություն է հայտնում «Քընեքթ թու» (ConnectTo) ընկերության համասեփականատեր Արամ Տեր-Մարտիրոսյանին այդ նվազագույն $200 ծախսը հոգալու համար։
  • Քաշաթաղում և ազատագրված շրջանների մյուս բնակավայրերում կա կրթության որակի խնդիր, որը չի լրացվում։ Հանրության գիտակցության մեջ կրթություն (ինչպես նաև բժշկություն ու մյուս ոլորտներ) ասելիս մեծ մասամբ պատկերացվում է շենքի կառուցումը։ Սակայն կրթօջախ ստեղծելու համար անհրաժեշտ է շատ ավելին, քան միայն դպրոցի շենքը։ Ուստի «Հայրենասեր»-ը նպատակ ունի նման վերապատրաստումները դարձնել շարունակական և հնարավորինս ընդգրկել ուրիշ ոլորտներ։
  • Ծրագիրն իրականացվեց առանց պետական կառույցների ներգրավվածության։ Ամբողջ ծրագիրն իրականցվեց հասարակական-կամավոր հիմունքներով։ «Հայրենասեր»-ի գործելաոճը չէ «նստել թախտին, սպասել բախտին», և բողոքել, թե ով ինչ պետք է անի, որ չի անում։ Պարզապես պետք է գործել, եթե նույնիսկ պատկան մարմինները դա չեն անում։

Հիշենք բոլորս. երբ կա ցանկություն, գտնվում է հնարավորություն։

Ստեփան Սարգսյան
«Հայրենասեր» կազմակերպություն