Սա Հայաստան է ու վերջ․ շենացնենք ազատագրված Հայաստանը

Մենք շատ ենք հող կորցրել․ մենք՝ հայերս։ Կորցրել ենք տարիներով, տասնամյակներով, դարերով։ Կորցրել ենք մետրերով, կիլոմետրերով, ծովերից մինչեւ ծով կորցրել ենք։ Ու ասես կորցնելը, ջարդվելը, տանջվելն ու ձեռնունայն մնալը դարձել էր ճակատագիր, ճակատագրից էլ՝ բնավորություն։ Միշտ էլ ունեցել ենք առանձին անդրանիկներ ու չաուշներ, վարդաններ ու մուշեղներ, ովքեր այս կամ այն ժամանակ, այս կամ այն կերպ պայքարել են թալանչիների, սպանողների ու ցեղասպանողների դեմ։ Սակայն եկեք խոստովանենք, որ մենք ինքներս մեր հիմնական դիմագիծը ներկայացրել ենք որպես ցեղասպանված, կոտորված, կորցրած։ 1988 թ․ մի շատ կարևոր շրջադարձ տեղի ունեցավ․ սկսվեց Արցախը պաշտպանելու գործընթացը։
Հայ մարդն զգաց, որ էլ կորցնելու տեղ չունի, զգաց, որ իր ապրելու իրավունքը գտնվում է Արցախում, զգաց, որ «եթե կորցնենք Արցախը, մենք կշրջենք մեր պատմության վերջին էջը»։

Հասկացավ, որ վերջին էջը շրջել չի ուզում, այլ նոր էջեր են գրվելու Ստեփանակերտում, Շուշիում, վերահայացված Քարվաճառում ու Քաշաթաղում։ Ու վեր կացան տղերքը, ու զենք առան Վարդանն ու Պետոն, Գագոն ու Մոնթեն, Ազգալդյանն ու Ցուլ Արմանը, Կարոտն ու Վուրգը․․․․ ազգի սերուցքը գնաց ռազմադաշտ։ Ու թնդաց հայ բազկի ուժն ու կյանքի ու մահվան հատման եզրին հայն ընտրեց ապրելը՝ կորցնելով շուրջ 6000 ընտիր հայորդի, ովքեր անմահացան՝ ապրելու իրավունք տալով մեզ։ Հայ ազատամարտիկն զգաց, որ իր պատմությունը չի ավարտվում ու մեզ՝ իր գործը շարունակելու սրբազան պարտքը ժառանգածներիս, պատմություն կերտելու նոր հորիզոններ տվեց, հորիզոններ, որ մենք պիտի կոչեինք ազատագրված հայրենիք։ Մեզ տվեց կանաչ ու բարձր Քարվաճառ, մշակույթով ներծծված Շուշի, բերքաբեր Քաշաթաղ․․․․ Տվեց ու ասաց՝ արարեք, կերտեք նոր հայի, վերածնված ու հաղթած հայի պատմությունը։ Ու թող որ Ազատագրված Հայրենիքում ծնված հայորդին հպարտությամբ ասի՝ իմ ծննդավայրը Քարվաճառն է, իմ ծննդավայրը Դադիվանքն է, իմ ծննդավայրը Բերձորն է, Վուրգավանն է․․․

Vurgavan school

Ազատագրված հայրենիքի մեծագույն մասն այսօր անբնակ է, ամբողջ քաղաքներ ու գյուղեր 22-23 տարի անց էլ դեռ ավերակների կույտեր են, հայ մարդը դեռ ամբողջությամբ տեր չի կանգնել իր Ազատ Հայրենիքին, ազատամարտիկի սկսած գործը դեռեւս տասնյակ գյուղերում ու քաղաքներում կիսատ է մնացել։ Այնինչ հենց շեն ու լիքը Ազատագրված Հայրենիքն էր լինելու այն հիմքը, որի վրա մեծանալու էր հաղթանակած, իր պապերի ու հայրերի հաղթանակին տեր դարձած, ցեղասպանության ցավը հաղթահարած, վերքերը բուժած ու պահանջատեր հայ քաղաքացին։
«Հայրենասեր» կազմակերպությունն այս տարի վերակառուցում է ազատագրված Քաշաթաղի շրջանի Վուրգավան գյուղի դպրոցը, կառուցում մինչ այժմ գոյություն չունեցող բուժկետ ու համայնքապետարան՝ հնարավորություն տալով վուրգավանցուն ապրել արժանապատիվ ձևով ու չմտածել իր ազատ հայրենիքը լքելու մասին։ Սա Հայաստան է ու վերջ․ վերակառուցենք ազատագրված Հայաստանը։

Թամարա Գրիգորյան