23 տարի անց․ ազատագրված Քաշաթաղում անելիքները դեռ շատ են

Բերձորի ազատագրման 23-րդ տարեդարձի առթիվ Մեդիամաքս լրատվականը զրուցել է «Հայրենասեր» կազմակերպության համահիմնադիր Ստեփան Սարգսյանի հետ, ով ներկայացրել է կազմակերպության իրականացրած  ծրագրերը և ապագայի նախագծերը Քաշաթաղի շրջանում։ Ներկայացնում ենք նյութն ամբողջությամբ։

1992թ. մայիսի 17-18-ին իրականացվեց Արցախի ազատագրության կարեւոր եւ կենսական նշանակություն ունեցող Շուշի-Լաչին-Զաբուխ ճանապարհի ռազմական գործողությունը։ Մայիսի 18-ին բացվեց Արցախը Հայաստանին կապող Բերձորի միջանցքը։

Բերձորի ազատագրությանը օրը, ինչպես ամեն տարի, այսօր էլ մեծ շուքով է նշվում: Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանը Մեդիամաքսին ասել է, որ նախատեսված են մի շարք միջոցառումներ, իսկ երեկոյան տոնական համերգ եւ հրավառություն է լինելու:

Անդրադառնալով շրջանի առաջնային խնդիրներին` Սուրեն Խաչատրյանն ասել է, որ ամենամեծ հարցը ճանապարհների անբարվոք վիճակն է:

«Զբաղվածության խնդիր շրջանում չկա: Այստեղ մարդիկ հիմնականում զբաղվում են հողագործությամբ, այգեգործությամբ, անասնապահությամբ, թռչնաբուծությամբ եւ մեղվաբուծությամբ»,- նշել է վարչակազմի ղեկավարը:

Նա հայտնել է, որ Քաշաթաղում վերաբնակեցման ծրագիրը շարունակվում է. 2010թ. շրջանը 7.5 հազ. բնակիչ ուներ, այժմ այդ թիվն անցել է 11 հազ-ը:

«Այսօր կա նաեւ բնակարանային խնդիր: Բայց պետք է նշեմ, որ Աղավնո համայնքում 150 տուն է կառուցվում «Արի» ծրագրով, Արցախի Ազգային վիճակախաղի շնորհիվ էլ՝ եւս 37 տուն՝ Իշխանաձորում: Որքան հնարավոր է, աջակցությունը կա, բայց ուշադրությունը պետք է ավելի շատ լինի»,- ասել է Սուրեն Խաչատրյանը՝ հավելելով, որ Քաշաթաղն ապագայում ամենալավ զարգացած շրջաններից է լինելու:

Ազատագրված տարածքներում, պետական մարմիններից բացի, տնտեսական ու սոցիալական ծրագրեր են իրականացնում հասարակական կազմակերպությունները:

«Հայրենասեր» կազմակերպությունը ենթակառուցվածքային եւ կրթական-տեղեկատվական ծրագրեր է իրականացնում 2011-ից: Այս ընթացքում հիմնովին վերակառուցել եւ ընդլայնել են Քաշաթաղի շրջանի Լեռնահովիտ համայնքի դպրոցը:

Vurgavan school

«Հայրենասեր» կազմակերպության համահիմնադիր Ստեփան Սարգսյանը Մեդիամաքսին հայտնել է, որ 2015թ. ամռանը ենթակառուցվածքային ծրագիր են իրականացնելու Վուրգավան գյուղում, որի արդյունքում կստեղծվի համայնքային կառույցների համալիր։

«Այդ համալիրը կներառի հիմնանորոգված դպրոցն իր նոր մարզադահլիճով, կկառուցվի բուժկետ եւ համայնքապետարան։ Վուրգավանի դպրոցի աշակերտների թիվը տարեցտարի աճում է, դպրոցն իր այսօրվա տեսքով չի կարող տեղավորել ավելի մեծ թվով աշակերտների։ Բացի հիմնանորոգումը, այն նաեւ ձեւափոխման կարիք ունի, ինչը նախատեսում ենք անել շինարարության ընթացքում»,- ասել է նա՝ հավելելով, որ ծրագիրը կարժենա մոտ 100 հազ. դոլար։

16073198189_23fa8b1048_b

Ստեփան Սարգսյանի խոսքով` Քարվաճառն ու Քաշաթաղն ունեն զգալի տնտեսական ներուժ՝ ջրային պաշարներ, օգտակար հանածոներ, էներգետիկ ներուժ եւ գյուղատնտեսական մեծ հնարավորություններ։ Ըստ նրա` հատկապես Քաշաթաղի հարավային թեւի հարթավայրերն ու կլիման այն կարող են դարձնել երկրորդ Արարատյան դաշտավայր։

Անդրադառնալով առկա խնդիրներին` կազմակերպության համահիմնադիրը նկատել է, որ ազատագրված տարածքներում մարդիկ ստիպված են զրոյից տուն ու այգի հիմնել։ Նրա խոսքով՝ կարիքները շատ են, վերաբնակեցումը՝ հույժ կարեւոր, իսկ անհրաժեշտ աջակցությունն ու աշխատանքը՝ անհամեմատելի քիչ։

«Այս շրջանները կարեւորագույն նշանակություն ունեն հայոց պետականության ամրապնդման համար: Ազատագրված Քաշաթաղը ՀՀ-ն եւ ԼՂՀ-ն կապող օղակն է, հույժ կարեւոր է մեր հայրենիքի անվտանգության համար ու պետք է շարունակվի վերաբնակեցվել»,- հավելել է նա:

Նշենք, որ Քաշաթաղի շրջանը (տարածքը` 3376.6 քկմ) ունի 54 համայնք եւ 108 բնակեցված բնակավայր: