«Հայրենասեր»-ը կկառուցի առաջնային ենթակառուցվածքներ Քաշաթաղի Վուրգավան գյուղում

2014 թ. ընթացքում «Հայրենասեր» կազմակերպությունը հիմնովին վերակառուցեց Արցախի Քաշաթաղի շրջանի Լեռնահովիտ համայնքի միջնակարգ դպրոցը: Տեղեկացնենք, որ Լեռնահովիտ համայնքը (նախկին Եզնագոմեր) գտնվում է Քաշաթաղի շրջանի շրջկենտրոն Բերձորից (նախկին Լաչին) 50 կմ հյուսիս-արևմուտք։ Այն սկսել է վերաբնակեցվել հայերով արցախյան պատերազմի ավարտից հետո, երբ մեր ազատամարտիկները ազատագրեցին Քաշաթաղը։
Լեռնահովիտ համայնքի մեջ են մտնում համանուն Լեռնահովիտ, Շրվական, Սպիտակաջուր գյուղերը։ Լեռնահովիտի միջնակարգ դպրոցից օգտվում են նաև վերոնշյալ 3 գյուղերի և հարևան Հակ գյուղի աշակերտները։ Դպրոցի հին ու նորակառույց վիճակներին կարելի է ծանոթանալ այստեղ։

photo

Ազատագրված տարածքում, որտեղ վերաբնակեցումից ի վեր դեռևս մինչ վերջ կարգի չեն գցված ենթակառուցվածքները, որտեղ առկա է ճանապարհների խնդիր, երեխաները դպրոց են հաճախում կիսակառույց, խոնավ շենքերում, ծայրամասային Լեռնահովիտ համայնքում դպրոցի հիմնովին վերանորոգումը գյուղի բնակիչների համար ոչ միայն տնտեսական լուրջ նշանակություն ունեցավ, այլև` հոգեբանական: Ծայրամասային շրջանում ապրող, հայ զինվորի արյունով ազատագրված հայրենիքին տեր կանգնած մարդը տեսավ, որ ինքն անտեսված չի, որ իր զավակն էլ իրավունք ու հնարավորություն ունի սովորելու հարմարավետ ու մաքուր, կամ ինչպես հենց լեռնահովիտցի երեխաներն են վերակառուցումից հետո բնութագրել՝ «քաղաքի դպրոցում»։

Ազատագրված հայրենիքի շենացումը մեր ամուր պետականության հիմնաքարերից է: Ազատագրված Քաշաթաղը ՀՀ-ն և ԼՂՀ-ն կապող օղակն է և հույժ կարևոր է մեր հայրենիքի անվտանգության համար ու պետք է շարունակվի վերաբնակեցվել։

Այս և մի շարք այլ գործոններ հաշվի առնելով՝ Լեռնահովիտի դպրոցի վերանորոգումից և վերաբացումից հետո, 2015 թ. «Հայրենասեր» կազմակերպությունը ձեռնամուխ է լինում Քաշաթաղի շրջանի մեկ այլ գյուղում` Վուրգավանում համայնքային կառույցների համալիրի շինարարությանը։ Այն իր մեջ կներառի հիմնանորոգված դպրոցն իր նոր մարզադահլիճով, կկառուցվի մինչ այժմ գոյություն չունեցող բուժկետ և համայնքապետարան։ Նշենք, որ Վուրգավանի դպրոցի աշակերտների թիվը տարեցտարի աճում է․ դպրոցն իր այսօրվա տեսքով (որին կարող եք ծանոթանալ այստեղ) չի կարող տեղավորել ավելի մեծ թվով աշակերտների։ Բացի հիմնանորոգումը, դպրոցը նաև ձևափոխման կարիք ունի, ինչը նախատեսվում է անել շինարարության ընթացքում։

Vurgavan school

Գյուղին առաջնային ենթակառուցվածքներով ապահովելով՝ մենք կանխում ենք արտագաղթը գյուղից, մենք վաղվա օրվա հույս ու ապագա ենք տալիս Քաշաթաղի հարավում գտնվող Վուրգավանին։ Ազատագրված տարածքում դպրոցը շատ ավելին է, քան միայն կրթօջախ․ այն ունի կարևորագույն տնտեսական, սոցիալական, մշակութային գործառույթներ․ դպրոցն աշխատանքով է ապահովում շատ բնակիչների, ինչն էլ իր հերթին մեծապես կանխում է արտագաղթը գյուղից։

Կիսավեր ու խոնավ կառույցներն այլևս չեն բավարարում վերաբնակիչներին․ նրանք կարիք ունեն և արժանի են առավել լավ պայմանների։ Համայնքային համալիր կառույցը կոգևորի մերօրյա վուրգավանցուն, կօգնի հավատալ, որ ինքը թեև ապրում է Քաշաթաղի ծայրամասում, սակայն անտեսված ու մոռացված չի․ կօգնի հավատալ, որ ազատագրված տարածքի բնակչի խնդիրն այսօր համայն հայության ուշադրության կենտրոնում է։

Մեր հերոս ազատամարտիկներն ազատագրեցին Քաշաթաղը, որ մենք պահպանենք և զարգացնենք այն։ Այսօր, երբ 200 տարի անց մեր պատմական հայրենիքում կրկին հայ մանկան ճիչ է լսվում, մենք պետք է այնպես անենք, որ հայ մարդն ամրանա այստեղ: Ուրեմն, լծվենք հայրենիքի պաշտպանության ու զարգացման սրբազան գործին և այս տարի հաջողությամբ իրագործենք Վուրգավան գյուղում ենթակառուցվածքային անհրաժեշտ համալիրի կառուցումը, որը գյուղին կապահովի բուժկետով, բարեկարգ դպրոցով ու համայնքապետարանով։

Տեղեկություն Վուրգավանի մասին

Վուրգավանը գյուղ է Արցախի Քաշաթաղի շրջանի հարավում, գտնվում է Բերձորից մոտավորապես 40 կմ հեռավորության վրա։ Գյուղն ազատագրվել է արցախյան պատերազմի ընթացքում, 1993 թ․։ Հենց հաջորդ տարվանից, 1994 թ․֊ից սկսվել է վերաբնակեցումը։

Գյուղում այսօր կա 40 տնտեսություն, բնակվում է 157 հոգի։

Գյուղի բնակիչները հիմնականում զբաղվում են հողագործությամբ և անասնապահությամբ։

«Հայրենասեր» կազմակերպություն