«Հայրենասեր»-ը հայրենասերի տանն էր
Թակում եմ Արմենակ Ուրֆանյանի տան դուռը: Վերջին անգամ Հարության տոնի նախօրյակին նա էլ սրտատրոփ սպասում էր դռան բացվելուն: Բայց իմ անհանգստությունն այլ էր: Հազար ու մի սցենար էի մտածել, թե ինչպես կանցնի հանդիպումն հերոսակորույս մայր Համեստի հետ, որ փոխանցեի «Հայրենասերի» նվիրատուների երախտիքն ու հիմնադիրների սրտաբուխ նամակը:

Շատ նամակներ էր ստացել ժողովրդից վերջին մի քանի օրերի ընթացքում, նամակներ, որ փառաբանում էին խիզախ ու ազգանվեր Արմենակին՝ Վազգեն սպարապետի որդուն, մխիթարում ու հուսադրում մորը: Ամեն բառ, ամեն խոսք այսօր մեծ արժեք ունի այս ընտանիքի համար:
«Ապա այս նկարին նայի՛ր: Այնքա՜ն էր սիրում զինվորական համազգեստը: Ա՜խ, տղայիս աստղերը բերեցին, տղայիս փոխարեն: Աստղերն ի՞նչ անեմ»,- արցունքները կոկորդում սեղմելով` տիկին Համեստը նայում է Սանկտ-Պետերբուրգում արված Արմենակի մանկության նկարին:
Ապրիլի 4-ից տոնական զինվորական համազգեստն Արմենակն էլ չի կրի: Հիմա այն տան մի անկյունում բոլորին կհիշեցնի այն խրոխտ ու քաջ կապիտանին, որ փրկեց մի ամբողջ քաղաք, պետություն, մի ՀԱՅՐԵՆԻՔ:
Անի Խաչատրյան
«Հայրենասեր» կազմակերպություն