Կապվում ենք մեր հերոսների ընտանիքների հետ






«Հայրենասեր»-ն այժմ կապվում է մեր զոհված հերոս տղաների ընտանիքների հետ՝ դրամական օժանդակությունը փոխանցելու համար: Ինչպես և սպասում էինք, սա իսկապես հուզիչ է: Մեր թիմի անդամ Թամարա Գրիգորյանը մեզ է փոխանցում իր փորձը:

tikin Hamest

«Պետք է զանգահարեմ հերոս Արմենակ Ուրֆանյանի մայրիկին՝ տիկին Համեստին: Վերցնում եմ հեռախոսն ու դողալով համարն եմ հավաքում. տիկնոջը պետք է ներկայացնեմ «Հայրենասեր» կազմակերպությունը դրամահավաք է կազմակերպել, որ օգնի նահատակված տղաների ընտանիքներին:

Մայրը լսում է՝ լուռ արտասվելով… Երբ վերջացնում եմ՝ վերջին բառերն իմ կոկորդում հավաքված արցունքների մեջ խեղդելով, մի պահ դադարից հետո միայն շշնջում է՝ չգիտեմ էլ ինչ ասեմ, ախր իմ տղան էնքան հպարտ էր…

Իհարկե, Ձեր տղան հպարտ էր, տիկին Համեստ, միայն հպարտ տղան կարող էր միայնակ կանգնել գերազանցող թշնամու ուժի դեմ՝ փրկելով իր անձնակազմին ու պայթեցնելով իրեն և մոտեցող թշնամուն: Իհարկե, Ձեր տղան հպարտ էր, Ձեր Արմենակը հերոս է, տիկին Համեստ, և Դուք էլ պիտի հպարտ լինեք՝ նման հերոս դաստիարակելու համար… Իսկ «Հայրենասեր» կազմակերպությունը, իր նվիրատուների հետ միասին, միայն ցանկանում է այս անելանելի պահին Ձեր կողքին լինել ու Ձեզ ասել՝ Ձեր որդին իր կյանքը տվեց, որ պաշտպանի մեզ. մենք էլ կպաշտպանե՛նք Ձեզ»։

Թամարա Գրիգորյան
«Հայրենասեր» կազմակերպություն