Վուրգավանի համայնքապետ․ «Այսօր մեր գյուղում հավատ կա»

Արդեն հինգ ամսից ավելի է՝ Արցախի Քաշաթաղի շրջանի Վուրգավան գյուղում գործում է անհրաժեշտ ենթակառուցվածքների նորակառույց համալիր։ Համալիրը, որը 2015 թ․ ամռան ընթացքում կառուցվել է «Հայրենասեր» կազմակերպության կողմից, ներառում է հիմնովին վերակառուցված դպրոց նոր մարզադահլիճով, նորակառույց բուժկետ ու համայնքապետարան։

Վուրգավանն ազատագրվել է արցախյան պատերազմի ժամանակ և անվանակոչվել է ազատամարտիկ Վուրգ Ոսկանյանի անունով։ Գյուղի վերաբնակեցումն սկսվել է դեռևս 1994-95 թվականներին, սակայն մինչև 2015  թվականը գյուղի դպրոցն անմխիթար, երեխաների առողջության համար խիստ վտանգավոր պայմաններում էր, իսկ բուժկետ ու համայնքապետարան գյուղում առհասարակ գոյություն չունեին։

Նորակառույց համալիրի բացումը տեղի ունեցավ 2015 թ․ սեպտեմբերի 5-ին։ Համայնքապետ Գեորգի Խաչատրյանի խոսքով՝ անհրաժեշտ ենթակառուցվածքների համալիրը նոր հույս ու հավատ է նվիրել գյուղին։ «Հենց այս պահին էլ համայնքապետարանում եմ», մեզ հետ զրույցում փոխանցեց համայնքապետը։ «Մարդիկ աշխատանքի են գալիս, նիստեր ենք անում, գյուղին վերաբերող հարցեր ենք քննարկում», ընդգծեց նա։ Նշենք, որ մինչև համայնքապետարանի կառուցումը համայնքի հարցերը քննարկվում էին «գյուղամեջում», կամ էլ՝ գյուղապետի տանը․ կախված օրվա եղանակից։

53

Իսկ հիմնովին վերակառուցված դպրոցում ոգևորությունն առավել մեծ է։ Համայնքապետի խոսքով, ծնողները հաճախ են այցելում դպրոց, հետաքրքրվում երեխաների առաջադիմությամբ․ մի բան, որ նախկինում չի եղել։ «Այսօր մեր գյուղում հավատ կա․ եթե առաջ որևէ ծնող ցանկանում էր իր երեխային տանել գյուղից, հիմա չի էլ մտածում դրա մասին», ընդգծեց Գեորգի Խաչատրյանը։

Վուրգավանի դպրոցի տնօրեն Մկրտիչ Փոթոյանի խոսքով, նոր դպրոցում, նոր պայմաններում աշխատելը շատ հաճելի է։ «Շենքային պայմանները, գույքը, տեխնիկան, ամեն ինչն ազդում է ուսումնական պրոցեսի վրա։ Այսօր թե՛ ուսուցիչների, թե՛ աշակերտների կողմից շատ է մեծացել պատասխանատվությունը դպրոցի հանդեպ։ Կազմակերպվածություն կա, ամենքն իրենց գործը ժամանակին ու հաճույքով են կատարում, առավել լուրջ են մոտենում ուսումնական պրոցեսին», ընդգծեց տնօրենը։ Նրա խոսքով, երեխաներին մեծ ուրախություն է պարգևում նաև խաղահրապարակը․ բոլոր դասամիջոցներին այնտեղ խաղում են, լիցքաթափվում։

«Նաև նոր գույք ենք ստացել, բոլոր դասարանները կահավորվել են նոր սեղան-աթոռներով, գրատախտակներով, կախիչներով։ Դասարանները մաքուր են, ու երեխաների դասապրոցեսին ոչինչ չի խանգարում», նշեց Մ․ Փոթոյանը։ Նշենք, որ դպրոցի նոր գույքն ապահովել է սփյուռքում գործող  կազմակերպություն․ ավելի վաղ «Հայրենասեր»-ը ներկայացրել է Վուրգավան գյուղի պատմությունը կազմակերպությանը, վերջինս էլ համաձայնել է ապահովել հիմնովին վերակառուցված դպրոցը նոր գույքով։

Տնօրենը տեղեկացրեց նաև, որ դպրոցը ջեռուցվում է կաթսայատան միջոցով։ Ջեռուցման համակարգի ներդրման աշխատանքները հովանավորվել են Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանի կողմից․ աշխատանքների մասին պայմանավորվածությունը ձեռք էր բերվել վարչապետի և «Հայրենասեր»-ի հիմնադիրներ Ստեփան Սարգսյանի ու Նելլի Մարտիրոսյանի հանդիպման ժամանակ։

Վուրգավանն ազատագրվել է հայ զինվորի արյան գնով․ գին, որն անգին է, որ սրբազան պատգամ է մեզ՝ պահպանել անգին այս հողակտորը, ապրել, աշխատել ու երեխաներ ունենալ հենց ազատագրված հայրենիքում։ Այն գինը, որ վճարվել է ազատագրված հայրենիքի համար, պարտադրում է պահպանել այն։

Վուրգավանն այսօր հույս ունի, վաղվա օրվա հույս․ Վուրգավանում շարունակվում է ազատամարտիկների սկսած գործը։

Թամարա Գրիգորյան, «Հայրենասեր» կազմակերպություն